Բայդենն ուղերձով դիմել է ամերիկացիներին, կոչ արել սատարել Ուկրաինային և Իսրայելին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ուղերձով դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով սատարել Ուկրաինային և Իսրայելին: Նա այդ երկրները բնորոշել է որպես երկու ժողովրդավարություններ, որոնց գոյությանը վտանգներ են սպառնում:

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը պնդել է, թե այժմ այն պահերից մեկն է, երբ աշխարհում բախվում են ժողովրդավարությունը և բռնապետությունը:

«Համաս»-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, սակայն նրանց համար ընդհանուր է սա. երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը, ամբողջությամբ ոչնչացնել», – հայտարարել է Բայդենը:

Երկու պատերազմները ԱՄՆ նախագահը որակել է ազգային անվտանգության հրամայական և վճռական պահ ապագա ամերիկյան առաջնորդության ու աշխարհում ժողովրդավարության համար:

Բայդենը հայտարարել է, որ երկու պատերազմներում Ուկրաինային և Իսրայելին աջակցությունը «կենսական է Ամերիկայի ազգային անվտանգության համար»:

Ուղերձը նախորդում է Կոնգրեսին Սպիտակ տան առաջարկին՝ 100 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության և Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի անվտանգության ամրապնդման համար:

Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»: