ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի բուժօգնությունը կապահովվի պետբյուջեի հաշվին․ նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակվել է «Պաշտոնատար անձանց գործոնեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծը, որով նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը։

«Հանրապետության նախագահի, Վարչապետի, ԱԺ նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով», -նշվում է հանրային քննարկման դրված նախագծում:

Նախագծում նշվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Փաստաթուղթը հանրային քննարկման փուլից հետո կներկայացվի կառավարություն հաստատման, որից հետո կուղարկվի Ազգային ժողով։