«Ե՞րբ եք Սասուն Միքայելյանին զրկելու մանդատից». Լևոն Բարսեղյան

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ն.Փաշինյան. «Մերժել ենք եւ մերժում ենք բռնությունը»

Մինչեւ ինձ հեռախոսով հարցնում են,՝ տեսա՞ր խորհրդարանում ինչ եղավ, մինչեւ հարցնում եմ՝ ի՞նչ, մինչեւ պատասխանն եմ լսում, էդ 4-5 վայրկյանում 1996 թվի սեպտեմբերի 26՝ պատգամավորներին ծեծելով կալանավորել, 1999 հոկտեմբերի 27-ի սպանդ, պարբերական ճոռթած բերաններ, ինչ ասես անցնում է մտքովս …

Ովքե՞ր էին Իմ Քայլի պատգամավորների թեկնածուների հարցազրույցներն անցկացրել, ինչ հարցեր էի՞ք տալիս հավակնորդներին, ի՞նչ հարցեր եք տվել Սասուն Միքայելյանին, ե՞րբ եք զրկում մանդատից: Այո, մեծամասնությունն է ավելի պատասխանատու է այս դրվագում, քան ընդդիմությունը: Կարելի՞ է բոլորս անդուր կամ խիստ խոսքին բռունցքներով պատասխանենք, ասեք հա՝ տեսեք ինչեր ենք անելու: Ոչ ոք չփորձի արդարացնել բռնության վարունքը, իբր Մարուքյանը սադրել է:

Ոչ մահվան սպառնալիք է տվել, ոչ էլ բռնության, դրան բռնությամբ պատասխանելը կոպիտ սխալ է, վայրենություն: Ո՞վ իրավունք ունի ընդահատելու պատգամավորին, անընդհատ սղոցել ելույթը, ո՞վ է արտոնյալ: Մարուքյանի ելույթից առաջ Թունյանի ելույթն է եղել, որ մի քանի անգամ «սրիկա» ասաց անհասցե, նորմալ կլինե՞ր, որ մեկն համարեր, որ սադրեց ու ելներ խփեր Թունյանին: Հիմա կլինի՞, որ ես ասեմ՝ ձեր վարմունքից սադրվեցի, գամ սկսեմ իմ դուրը չեկած ելույթների տերերի հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեմ: Մարուքյանին խփող այլ պատգամավորներ էլ երեւացին կադրում, ես լավ հիշողություն ունեմ, գնացեք աֆեկով արդարացումներ որոնեք, երբ էլ լինի՝ պետք կգա, հարցնողներ են լինելու:

Հետաքրքիր նորություն ասեմ բռնության սիրահարների համար. խորհրդարանը խոսելու, բանավիճելու, օրենք գրելու տեղ է, ով չի կարող նյարդերը թողնել դրսում, ներսում գործ չունի: Է՞ս ինչ այլանդակություն էր: Քննադատում է՝ հիմնավոր է, թե անհիմն, դրան ֆիզիկական բռնությամբ են պատասխանո՞ւմ, խանգարում են ելույթը ու հետո ելնում պատգամավոր են ապտակո՞ւմ: Էդ իրավունքից բոլորն ունե՞ն, թե՞ որոշ մարդիկ: Եթե պատգամավորներն ունեն, ուրմեն բոլորն ունեն:

Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնության պրակտիկային, հատկապես իշխանության կամ հանրային հարաբերությունների մակարդակում, խստագույն տաբու եւ պատասխանատվություն պիտի սահմանվի նման վարմունքի դեմ, այլեւս երբեք նման պրակտիկա չպիտի լինի: Օրենսդիրները դուք էք, դրե՛ք ծանրագույն սանկցիաներ նման բաների դեմ: Չեք անելու, հաջորդ խորհրդարանն է անելու»: