Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ. Սցենարական մրցույթ

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ. Սցենարական մրցույթ
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ. Սցենարական մրցույթ

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2014թ. հայտարարել են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Մրցույթը հրավիրում է կարճամետրաժ (3-6 րոպե տևողությամբ) խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: 

Հաղթող կճանաչվեն լավագույն 10 սցենարները` ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից. հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ. մասնավորապես` լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան 1000-ական, իսկ հաջորդող լավագույն յոթի հեղինակները` 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևների: Սցենարները տարվա ընթացքում կնկարահանվեն և հանդիսատեսին կներկայացվեն կազմակերպող կողմերի աջակցությամբ: Մրցույթը տարիքային կամ ազգային սահմանափակումներ չունի. մասնակցել կարող են հեղինակներ ամբողջ աշխարհից. ներկայացվել կարող են նաև գրական հիմք ունեցող սցենարներ:

Կինոն համարելով մշակութային դիվանագիտության լավագույն ձևերից մեկը և գիտակցելով կինոարվեստի ներազդեցողական բացառիկ ուժը` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը մշակութային այս ծրագիրը նախաձեռնել են` լիահույս լինելով Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նպաստել 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացման և պատմական ճշմարտության վերականգնման կարևորագույն խնդիրներին: 

Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամլո կենտրոնը:

© Medialab.am