Վաշինգտոնն ու Թեհրանը մոտենում են համաձայնության. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները «մոտենում են» Իրանի հետ միջուկային համաձայնագրին, երկուշաբթի մարտի 07-ին հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին՝ շեշտելով, որ «կարևոր բաղադրիչները» դեռևս պետք է որոշվեն: Դրա մասին նշում է Ռոյթերս գործակալությունը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը։

Փսակին ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մասնակցել բանակցություններին Ռուսաստանի կողքին՝ չնայած ուկրաինական ճգնաժամի պատճառով ստեղծված կացությանը։

«Ռուսաստանը P5 գումարած մեկ խմբի անդամ է։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելը բխում է իր շահերից, և մենք հենց այդպես ենք մոտենում այս բանակցություններին և քննարկումներին»,- ասել է Փսակին:

Համաշխարհային տերությունների հետ Իրանի 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները անորոշության մեջ էին հայտնվել շաբաթ օրը, երբ Ռուսաստանի պահանջել էր ԱՄՆ-ի կողմից երաշխիքներ, որ ուկրաինական հակամարտության պատճառով Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն վնասի Թեհրանի հետ առևտրին:

Վիեննայում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ամիսներ շարունակվող անուղղակի բանակցությունները կարծես թե մոտենում էին համաձայնության, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Ուկրաինայի շուրջ արևմտյան պատժամիջոցները խոչընդոտ են դարձել միջուկային համաձայնության համար:

Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի պահանջները «կառուցողական չեն», երկուշաբթի հաղորդում է իրանական Tasnim կիսապաշտոնական գործակալությունը՝ վկայակոչելով The Guardian թերթի հոդվածը: