«Տագնապ կա, լարվածություն կա, ագրեսիա կա, բայց ոչ հուսահատություն, ժողովուրդը վստահ է, որ հաղթելու ենք». Հոգեբան

«Միշտ վտանգի պահին մարդիկ միավորվում են, տվյալ դեպքում մեր ամբողջ ազգը՝ արտասահմանում, այստեղ, մեկ միասնական ճակատ է դարձել և պայքարում է: Հուսահատություն չեմ տեսնում ժողովրդի մեջ, տագնապ կա, լարվածություն կա, ագրեսիա կա, բայց ոչ հուսահատություն: Ժողովուրդը վստահ է և համոզված է, որ հաղթելու ենք»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբան, ՀՊՄՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

Խուդոյանն ընդգծում է՝ հայրենասիրության հզոր պոռթկում է, և այդ ոգին հնարավոր չէ կոտրել: 

«Ես հավատում եմ, որ ադրբեջանցիներն իսկապես փախչում են, և վերջին ճիգերն են, շատ կարևոր է այս հաղթանակը մեզ համար»,- նշում է նա:

Հոգեբանն ասում է, որ պատերազմը, ռազմական դրությունը, բնականաբար, առաջացրել են և տագնապ ու անհանգստություն, և լարվածություն ու նաև հայրենասիրության պոռթկում:

«Տեսնում ենք այդ ամեն ինչը, բոլորն անընդհատ լարված սպասում են, որտեղ գնաս՝ ռադիո, հեռուստացույցները միացրած, անընդհատ սպասում են ամեն տեսակ նորությունների, բնական է, շատ նորմալ ռեակցիա է, մանավանդ այս մասշտաբի հարձակման դեպքում»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Խուդոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Եվ հայկական, և՛ ադրբեջանական կողմից կան զոհեր ու վիրավորներ։ Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր։ Ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր:

Հաշվի առնելով հակառակորդի կողմից տարածվող կեղծ ինֆորմացիան, ապատեղեկատվությունը և դրանից բխող խուճապը, հոգեբանը խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին:

«Այս իրավիճակում նախ պետք է հաշվի առնել, որ սուտ, կեղծ լուրերն են պտտվում, ապատեղեկատվություն, և իսկապես պետք է հետևել մեր պաշտոնական լրահոսին, որովհետև մերոնք բավական օբյեկտիվ են ներկայացնում և դոզավորված են ներկայացնում: Պետք է համոզված լինել, որ, էսպես թե էնպես, հարցը, ճիշտ կլուծվի մեր օգտին»,- նշում է հոգեբանը:

Սամվել Խուդոյանի խոսքով՝ հոգեբաններն էլ այժմ աշխատանքներ են տանում, գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության անվճար թեժ գիծ, որն ուղղված է խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելուն, ուղղորդելուն կամ հոգեբանական ծառայություն տրամադրելուն:

«Մենք տեսնում ենք՝ ժողովուրդը համախմբած օգնություններ է ուղարկում, հոգեբաններն էլ են աշխատում, մեր ամբողջ ամբիոնը, ԿԳՄՍ-ի թեժ գիծը, մերոնցից շատերը, մեր նախկին ուսանողները մեկնել են առաջնագիծ, մեր մանկավարժական համալսարանը ուղարկեց իր կամավորների խումբը, գնացին Արցախ: Կարծում եմ, որ հաջողությամբ կպսակվի»,- ընդգծում է հոգեբանը: 

Նշենք, որ հոգեբանական աջակցություն ստանալու համար գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անվճար թեժ գծի համար՝ 08-0001-007:

Արփինե Արզումանյան

MediaLab.am