«Օրորոց» ծրագրի շրջանակում փաթեթներ են հանձնվել նորածինների ընտանիքներին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Բերդի համայնքապետարան են այցելել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, պատասխանատու քարտուղար Գայանե Մերոյանը և ասոցիացիայի ներկայացուցիչ Անահիտ Աղոյանը:

«Օրորոց» բարեգործական ծրագրի շրջանակում նրանք 4 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների  համար նախատեսված փաթեթներ են տրամադրել Բերդ համայնքի 60 ընտանիքի 60 նորածնի, (ինչպես նաև՝ բացառության կարգով 2 փաթեթ Չինչինում ծնված եռյակի ընտանիքին):

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշել է. «Բերդի տարածաշրջանում մայրանալը ես համարում եմ հերոսություն: Սահմանամերձ գոտում յուրաքանչյուր երեխայի ծնունդ նաև սահմանի ամրապնդում է, հայրենիքի հզորացում: Մեր երեխաներին պայծառ ապագա եմ մաղթում: Թող պատերազմի մասին նրանք լսեն միայն մեծերի պատմած զրույցներից»:

Համայնքի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով. «Համոզված եմ՝ մոտ ապագայում մեր որևէ մայր, որևէ ընտանիք օգնության կարիք չի ունենա»:

«Օրորոց» ծրագիրն իրականացվում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից՝  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Նպատակը սոցիալական աջակցությունն է անապահով ու կարիքավոր ընտանիքներին՝ մինչև մեկ տարեկան երեխաներին անհրաժեշտ հագուստով և խնամքի պարագաներով ապահովելու միջոցով:

Ծրագիրը 2002 թ.-ից իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ՝ հիմնականում սփյուռքահայության, ինչպես նաև Հայաստանի մասնավոր անձանց և խմբերի աջակցությամբ:

«Մենք մտածեցինք, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները նման աջակցության կարիք ունեն: Դիմեցինք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությանը: Նրանք սիրով մեզ  գումար հատկացրին՝ Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների 250 ընտանիքի աջակցելու համար:  Բերդ համայնքում  փաթեթներ ենք հանձնել 61 ընտանիքի 63 երեխայի, որոնցից 60-ը նպաստառու և կարիքավոր ընտանիքներ են:

Եվս 2 առանձին փաթեթ մենք նվիրել ենք Չինչին գյուղում ծնված եռյակի ընտանիքին, թեպետ այդ ընտանիքը ներառված չէ ծրագրում»,-նշեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

Փաթեթները ներառում են 4 ամսականից մեկ տարեկան երեխայի համար նախատեսված հագուստ անկողնային և խնամքի պարագաներ:

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի Բերդի համայնքապետարանը։