Կառավարությունը քննարկում է անվտանգության կանոնների պահպանման հարկադրանքը խստացնելու տարբերակը

Face masks are compulsory starting from May 25 in Armenia due to coronavirus concerns (COVID-19). Yerevan, Armenia

ՀՀ կառավարությունը քննարկում է, թե հարկադրանքի ինչ այլ միջոցներ կարող է կիրառել հասարակության շրջանում անվտանգության կանոնները պահպանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն դեպքում, դա կլինի վարչական մեթոդով, հարկադիր, թե ոչ հարկադիր, մինչև մենք այդ կանոնը չպահենք, միևնույն է՝ այս խնդիրը չենք հաղթահարելու: Կամ հաղթահարելու ենք հետևյալ տարբերակով՝ ով պիտի մահանար, մահանա, մնան նրանք, ովքեր թեթև կտանեն: Թեպետ, երիտասադրացում է գնում, հետևաբար՝ ոչ ոք երաշխավորված չէ: Այսօր թվերում կար, որ 42 տարեկան մահվան դեպք ենք ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այս ընթացքում բացթողումն այն է, որ չեն կարողացել քաղաքացիներին պարտադրել կամ համոզել, որ պահպանեն անվտանգության կանոնները: «Հաղարծինի, Գեղարդի, զրուցարանի տեսարանը տեսնելով, ես ինձ հարց եմ տալիս, լավ՝ ես ինչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Մանավանդ, որ զրուցարաններում, սովորաբար, հավաքվողները 55 և ավելի տարիքի մարդիկ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ հենց սկզբից լայնածավալ իրազեկման գործընթացներ են կատարվում, ընդ որում, դա արվում է շատ պարզ եղանակներով, որ մարդկանց համար հասկանալի լինի: Ամեն դեպքում, դեռ շարունակվում են ի հայտ գալ դեպքեր, երբ քաղաքացիները և՛ դիմակ չեն կրում, և՛ չեն պահում սոցիալական հեռավորություն:

«Հայաստանում անհնար թվացող քաղաքական փոփոխություններն ինչպե՞ս են տեղի ունեցել․ իհարկե, հաղորդակցությամբ: Ասել ենք, հորդորել ենք: Իմ կանխավարկածը մնում է այն, որ կառավարությունն ունի վստահելի հաղորդակցություն քաղաքացիների հետ»,-ասաց Նիկոլ  Փաշինյանն՝ ընդգծելով, որ խնդիրը քաղաքացիների վարքագծի մեջ է: Նա նշեց, որ կարող են Հաղարծին գնացող ճանապարհը փակել, զրուցարանները փակել, սակայն այդ նույն մարդիկ իրենց տներում հարևաններով կհավաքվեն: Հետևաբար, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իրավիճակի լրջությունը և պահպանի անվտանգության բոլոր կանոնները: