Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է. Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։ 

Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ թվում` կամավորների ներգրավման, բարեգործական ծրագրեր նախագծելու, վերականգնողական ծառայություններ մատուցելու և այլ կարևոր քայլեր իրականացնելու շուրջ։ Խորին շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել րոպե առաջ լծվել գործի և աջակցել Արցախ աշխարհի վերականգնմանը։ 

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր ցանկություն էին հայտնել հանդիպել, սակայն ժամանակը թույլ չտվեց։ Խոստանում եմ բացը լրացնել հաջորդ այցիս ընթացքում։ 

Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ։ Արցախն ապրելու է հայերեն»: