ՀԽ-ն պնդում է բուհական կրթության և գիտության զարգացման մասին առանձին օրենքների անհրաժեշտությունը

Հեղինակ MediaLab

Հանրային խորհուրդը դիրքորոշում է հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով որ վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել այդ օրենքի վերջնական նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից, ՀԽ-ն նաև պնդել է նշված օրենքի փոխարեն տարանջատ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին առանձին օրենքներ ունենալու անհրաժեշտությունը։

Հանրային խորհրդի փաստաթղթում նշված է. «Ինչպես  բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ  երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում:

Ըստ երևույթին  անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի  մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ  հանրային քննարկման չեն էլ դրվել:

Ի դեմս այդ փաստաթղթի,  ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային  կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից: Ելնելով վերոշարադրվածից՝

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  նշում են, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը:

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  գտնում են.  

  1. Ազգային ժողովից հետկանչման ենթակա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  2. Ստեղծել բուհական կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքների նախագծեր՝ ոլորտների շահառուների և պրոֆեսիոնալների մասնակցությամբ, հաշվի առնել արված դիտողություններն ու առաջարկությունները, որոնց վրա նույնպես մասնագետներ են աշխատել:
  3. Պնդում ենք մեր նախկին առաջարկության վրա, տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին: Պատերազմը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, ռազմաարդյունաբերական հզոր համալիր ստեղծելու հայեցակարգ, որը պիտի հիմնվի մեր երկրի գիտական և արդյունաբերական ներուժի վրա:
  4. Վերջ տալ հանրային քննարկումների տեսլական ստեղծելու, հանրության առաջարկությունները, դիտողությունները, կարծիքներն իբր հաշվի առնելու, այլընտրանքային կարծիքները կոպտորեն խլացնելու, և սուտը պետական գործելակերպի բաղադրիչ դարձնելու արատավոր պրակտիկային»: