Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ցեղասպանության իրականացնելու հայտարարությանը. Factor

ՀՀ Կառավարության՝ ամեն շաբաթ անցկացվող նիստերից հետո պաշտոնական Բաքուն սկսել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այսօր նույնպես Բաքվին դուր չեն եկել Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունը, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Վարչապետին ուզում ենք հիշեցնել, որ հայերի որոշ ներկայացուցիչների սադրիչ գործողությունների դեմ առարկելու փոխարեն, որոնք դեմ են ապրանքներ հասցնելու համար Լաչինի ճանապարհով երթևեկությունն ակտիվացնելու առաջարկին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը զուգահեռ, Ադրբեջանին մեղադրում է հայ բնակիչներին սովամահ անելու մեջ։ Եթե ​​հայկական կողմին իսկապես անհրաժեշտ լինեին տեղափոխվող ապրանքները, նրանք խաղաղապահ զորախմբից չէին պահանջի փակել Կարմիր մահիկի բեռների ճանապարհը և այդպիսով չէին խոչընդոտի այդ ապրանքների առաքմանը։

Հայ բնակիչների մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի և հայ բնակիչների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները մարդասիրական իրավիճակի վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկումներ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանը, ինչպես միշտ, հերքում է նաև էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

«Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհը միակողմանի բացելու և հայ բնակիչներին արտաքսելու ծրագրերի մասին պնդումներին, ապա ուզում ենք նշել, որ ներկայում պայմաններ են ստեղծվում Լաչինի անցակետով հայ բնակիչների՝ երկու ուղղություններով տեղաշարժի համար, և ադրբեջանական կողմին տարածաշրջանում էթնիկ զտումների քաղաքականություն վարելու համար մեղադրելն անհեթեթ է»,- ասվում է Բաքվի հայտարարությունում։

Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին անհիմն և կեղծ մեղադրանքներ հնչեցնել ու կոչ անում Հայաստանի վարչապետին «աջակցել Ղարաբաղի հայազգի բնակիչների վերաինտեգրման քաղաքականությանը»։