Ընդդիմությունն այս պահին ներկայացնում է 85 էջանոց «հիմնավորումը»

Այսօր ժամը 12-ին կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության չորրորդ հանդիպումը: Այս հանդիպմանը կողմերը պետք է անցնեն օրակարգային երկու հարցերից մեկի` ընդդիմության օրակարգի քննարկմանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը ներկայացրել էր մեկ օրակարգային հարց` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Երեկ ընդդիմության պատվիրակության ղեկավար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբին» տեղեկացրել էր, որ այսօրվա հանդիպմանը իրենք փաստերով ներկայացնելու են Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումները:
«Մեդիալաբի» տեղեկություններով, այդ նպատակով ընդդիմության պատվիրակությունը կազմել է հիմնավորումների մի ամբողջ փաթեթ, որը կազմում է 85 էջ:
Այս պահին, ընդդիմության պատվիրակությունը իշխանական պատվիրակության անդամներին է ներկայացնում վերոնշյալ 85 էջանոց փաթեթը:
Հիշեցնենք, որ երկխոսության համար ձեւավորված իշխող կոալիցիայի պատվիրակության կազմում են Դավիթ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը ՀՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Բոստանջյանը ԲՀԿ-ից, Խաչիկ Հարությունյանն ու Մհեր Շահգելդյանը ՕԵԿ-ից: Ի դեպ, իշխող կոալիցիայի պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօրվա հանդիպմանը չի մասնակցում, քանի որ մեկնել է հանգստի:
Ընդդիմության պատվիրակության կազմում են Լեւոն Զուրաբյանը, կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը ՀՀՇ-ից եւ Ֆելիքս Խաչատրյանտ ՀԺԿ-ից:
© Medialab.am