Հայաստանում փախստականները գրեթե համահավասար իրավունքներ ունեն քաղաքացիների հետ․ Արմեն Ղազարյան

Բազմաթիվ երկրներում փախստականները չունեն աշխատանքի իրավունք, և դա ինտեգրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց միջոցառման ընթացքում ողջույնի խոսքում նշեց Հայաստանի Հանրապետության ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Պետք է բարձր գնահատենք նաև Հայաստանի երրորդ  Հանրապետության հիմնադիրների իմաստությունը այդ իմաստով, որ հենց առաջին իսկ օրերից փախստակններին մեր երկրում տրվել են գրեթե համահավասար իրավունքներ քաղաքացիների հետ։  Կուզեի ընդգծել, որ մեր մոտ փախստականները կարող են, օրինակ՝ մասնակցել համայնքային ծառայությանը, առողջապահական և սոցիալական իարվունքների մասով համահավասարեցված են քաղաքացիներին, միակ տարբերությունը, բնականաբար, համապետական ընտրություններում ընտրական իրավունքն է։ Կարծում եմ, որ ընդգրկունությունը և առավել շատ մուտքը, որ հասարկությունը տալիս է փախստականներին, մեծ ճանապարհ է բացում ինտերգրման խնդիրների հարթման համար։ Սա խոսակցության լավ սկիզբ կլինի նաև միջազգային հարթակներում»,- ընդգծեց Ղազարյանը։

Միգրացիոն ծառայության պետը ասաց, որ նման ձևաչափի միջոցառումները, որտեղ ներգրավված են քաղաքականություն մշակող և իրականացնողները, ինչպես նաև շահառուները, հնարավորություն է տալիս փախստականների հետ կապված խնդիրները և հիմնահարցերը գույքագրել և հետագայում դրանք լուծել։

«Երբ ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստիի հետ խոսում էինք մեր ոլորտի խնդիրների մասին, նա հիշատակեց մի հետաքրքրիր փաստ, որ երբ 1951 թվականին ստորագրվեց փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան և հիմնադրվեց փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը, նրա մանդատը 5 տարով էր։  Մարդիկ մտածում էին, որ հինգ տարվա ընտացքում հնարավոր կլիներ լուծել փախստականության խնդիրները Եվրոպայի տարածքում և այնուհետև խնդիրը մեծ հաշվով լուծված կլիներ, բայց հասկանում ենք, որ ոլորտը ընդլայնվեց և, ցավոք, զարգացավ, որովհետև այս ոլորտի զարգացումը մեծ հաշվով բազմաթիվ մարդկանց ճակատագրերի հետ է կապված ոչ դրական իմաստով։ Ըստ այդմ, պետք է օպերատիվ կերպով փորձենք արձագանքել ամեն օր առաջ եկող նոր և ավելի բարդացող խնդիրներին»,- ընդգծեց Ղազարյանը։

Հայաստանի Հանրապետության միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ Հայաստանը անկախությունից ի վեր երեք մեծ փախստականության արհավիրք է տեսել։

«Առաջինը՝Ադրբեջանում էթնիկ զտումների արդյունքում փախստականության ալիքն էր, որի ընթացքում Ադրբեջանի տարածքից շուրջ 360 հազար մեր հայրենակիցներ տեղափոխվեցին Հայաստան։ Այնուհետև ավելի փոքր չափերով Իրաքի պատերազմի արդյունքում ևս մեր հայրենակիցներ տեղափոխվեցին Հայաստան։ Եվ, իհարկե, Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով շուրջ 22  հազար անձանց տեղափոխումը Հայաստան։  Տարբեր փուլում տարբեր է եղել պետության, հասարակական կազմակերպությունների արձագանքը, տարբեր մասշտաբի, տարբեր որակի և տարբեր ծավալի, բայց բազմաթիվ խնդիրներ այսօր էլ առկա են»,- ասաց Ղազարյանը։

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության միգրացիոն ծառայության աշխատանքը՝ Ղազարյանը նշեց, որ 2019 թվականից մեկնարկել են բնակարանի գնման վկայագրերի միջոցով Ադրբեջանից բռնգաղթած և դեռևս ժամանակավոր կացարաներում բնակվող փախստականնների բնակարանի ապահովման խնդրի լուծումը։ Բացի այդ, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ Միգրացիոն ծառայությունը փորձում է օժանդակել սիրիահայ հայրենակիցների ինտեգրման գործընթացներին։

Անդրադառնալով ապաստանի տրամադրման խնդրին՝ Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ ընլայնելով փախստականության ձևաչափը, 2008 թվականին Հայաստանը ընդունել է Փախստականների և ապաստանի մասին օրենքը, և Հայաստանը դարձել է ապաստան տվող երկիր։

«Շարունակական մեր գործընկերությունը ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ուղղված է նաև Հայաստանում ապաստանի գործընթացի որակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ կցանկանայի կարևորել Մարդու իրավունքերի պաշտպանի և նրա աշխատակազմի ջանքերը, որոնք շատ բարձր ենք գնահատում։ Դրանք ուղղված ապաստանի գործընթացի որակի բարձրացմանը և այդ գործընթացքում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանությանը»,- եզրափակեց Ղազարյանը։