Հայաստանում ԱՄՆ դեսպան. «Չկա անհասանելի նպատակ, չկա անհաղթահարելի մարտահրավեր»

«Ձեզանից շատերը գիտեն, որ ես շուտով մեկնում եմ Հայաստանից, բայց Հայաստանը կմնա իմ սրտում: Կուզենայի մնալ այստեղ ու երկրի շարունակական առաջընթացի ականատեսը լինեի, հատկապես առաջիկա երկու շրջադարձային տարիներին»,- հունիսի 7-ին ԱՄՆ դեսպանատանը կայացած ԱՄՆ անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Այդ հանդիսավոր միջոցառմամբ նաեւ նշվել է դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը, ով վերադառնում է Վաշինգտոն եւ զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարության Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:

ԱՄՆ դեսպանն իր խոսքում ասել է, թե հուլիսի 4-ին, (այն օրը, երբ ամերիկացիները նշում են իրենց անկախության տոնը), դեռ մի քանի շաբաթ կա, «բայց ամերիկյան անկախության թողած ժառանգությունը կարելի է տոնել տարվա բոլոր օրերին»:

«Մեր բախտն ու ճակատագիրը այսօր առավել քան երբեւէ փոխկապակցված են: Մենք կիսում ենք առավել խաղաղ ու առավել բարեկեցիկ ապագա կերտելու պատասխանատվությունը:

Հայերի ու ամերիկացիների միջև ամուր կապեր կան, որոնք առկա են եղել Հայաստանի անկախացումից շատ առաջ: Իսկ վերջին քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետեւողականորեն աջակցել է Հայաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական աճին ու անվտանգությանը»,- ասել է դեսպան Յովանովիչը:

ԱՄՆ դեսպանը նաեւ շեշտել է, որ այդ «տոնակատարությունը խորհրդանշում է մեր շարունակական գործընկերությունը»:

«Չկա անհասանելի նպատակ, չկա անհաղթահարելի մարտահրավեր, եթե մենք հետամուտ ենք ընդհանուր նպատակի, եթե մենք փնտրում ենք ընդհանուր եզրեր: Թույլ տվեք առիթից օգտվելով շնորհավորել Հայաստանին անկախության քսանամյա տարելիցի առիթով եւ ամենալավն ու բարին մաղթել հայ ժողովրդին` վաղվա Հայաստանը կերտելու գործում:

Եվ այս առիթով եկեք միասին բաժակ բարձրացնենք մեր երկու երկրների անկախության համար, մեր բարեկամության համար. բարեկամություն, որ հիմնված է ժողովրդավարության, ազատության եւ խաղաղության հարցում փոխադարձ օգնության եւ հարգանքի վրա»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

© Medialab.am