Ընդդիմությունն ու իշխանությունը հանդիպեցին. Իշխանական պատվիրակները չեն բացառել որեւէ հարցի քննարկում` այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների հարցը

Ընդդիմությունն ու իշխանությունը հանդիպեցին. Իշխանական պատվիրակները չեն բացառել որեւէ հարցի քննարկում` այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների հարցը
Ընդդիմությունն ու իշխանությունը հանդիպեցին. Իշխանական պատվիրակները չեն բացառել որեւէ հարցի քննարկում` այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների հարցը

 
Այսօր` «Էրեբունի Պլազա» կենտրոնում ավելի քան երկու ժամ տեւած իշխանության եւ ընդդիմության պատվիրակների հանդիպումից հետո, իշխանական պատվիրակության անդամ, իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտարարեց, թե հանդիպմանը մտքեր փոխանակվեցին այն հարցերի վերաբերյալ, որոնք համարում են հրատապ:

«Ներկայացրեցինք նաեւ մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք պատկերացնում այս երկխոսությունը: Բանն այն է, որ մեզ համար այս երկխոսությունը նոր քաղաքական մշակույթի ձեւավորում է: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր ժողովրդավար երկրում անհրաժեշտ է, որպեսզի լինի հարթակ, երբ իշխանությունը եւ ընդդիմությունը քննարկում ենք իրար: … Հիմնական նպատակը հետեւյալն է` անցնել բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանքի, ինչը ամենեւին չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները մեր միջեւ հարթվելու են: Բայց նման հարթակը հնարավորություն կտա, որպեսզի մենք լսենք միմիանց կարծիքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը:

Վերջինս նաեւ հայտարարեց, թե իրենց պատվիրակությունը ներկայացնում է ոչ միայն իշխող կոալիցիային, (ինչպես հայտարարվել էր նախապես-հեղ.), այլ նաեւ բարձրագույն իշխանությանը:

«Մենք ներկայացնում ենք կոալիցիային` ինչը նշանակում է`գործադիր իշխանությանը, որը ձեւավորվել է կոալիցիայի կողմից, մենք ներկայացնում ենք խորհրդարանական մեծամասնությանը, մենք ներկայացնում ենք նաեւ հանրապետության նախագահին` որպես կոալիցիայի ղեկավար»,- հայտարարեց Հարությունյանը:

Նրա խոսքով, առաջին հանդիպման ժամանակ քննարկում որպես այդպիսին տեղի չունեցավ. տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

«Մեր գնահատականը դրական է, եւ կարծում ենք, որ շատ շուտով մենք կկարողանանք գնահատել` արդյո՞ք այս գործընթացը ունի՞ իր շարունակությունը, թե՞ ոչ: Սակայն պետք է նշեմ, որ մեր աշխատանքային խումբը լավատես է այս հարցում»,- հայտարարեց Հարությունյանը` հավելելով, թե հաջորդ հանդիպման մասին կտեղեկացնեն:

Դավիթ Հարությունյանը նաեւ ներկայացրեց այդ հանդիպման ժամանակ իշխանության առաջ քաշած օրակարգը. այն է` «քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոները»:

«Կանոններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ, մեր հասարակությանը քաղաքակիրթ դաշտում գործել, եւ այդ առումով նաեւ բարձրացնել վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Բնականաբար ընդդիմությունն էլ ներկայացրեց իր դիրքորոշումը: Մենք որեւէ սահմանափակում չունենք որեւէ հարց քննարկելու-չքննարկելու հետ կապված»,- հայտարարեց Հարությունյանը:

Ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ լրագրողներին ասաց, որ սա հանդիպում էր, որի նպատակն էր` սկզբնավորել իրական երկխոսություն: Իսկ հաջորդ հանդիպման լինել-չլինելու հարցն էլ, ըստ Զուրաբյանի` կախված է իշխանական պատվիրակությունից:

«Ինչ վերաբերվում է երկխոսության զարգացմանը, եթե դա կարելի է երկխոսություն համարել, որովհետեւ մենք եկել ենք այս հանդիպմանը համարելով, որ սա այն ձեւաչափը չէ, որով կարելի է ծավալել արդյունավետ երկխոսություն: Սակայն, նրանց պատվիրակցության կողմից եղան հայտարարություններ, որոնք բացահայտեցին մեզ համար նոր հանգամանքներ: Այսինքն, որ իրականում իրենք ունեն շատ ավելի լայն լիազորություններ: Եւ մենք սպասում ենք այդ լիազորությունների մասին նրանց հստակ հայտարարություններին, որովհետեւ մենք չենք կարող առաջնորդվել մեր որոշումների մեջ` այդ հանդիպման ընթացքում նրանց կատարած հայտարարություններով: Մինչեւ այդ հայտարարությունները չդառնան հանրության սեփականությունը, մենք չենք կարող որոշումներ ընդունել: Ուստի մենք կսպասենք, երբ այդ հայտարարությունները կարվեն եւ դրանից հետո մենք կբացահյատենք մեր դիրքորոշումը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, որեւէ քննարկում օրակարգի ձեւավորման մասին չի եղել, եւ ուժի մեջ է մնում այդ պատկերացումը, որ «ընդհանուր բանակցությունների սեղանին պետք է բերել այն լուծումները, որոնք ամենքը պատկերացնում են»:

«Այսինքն, մենք ունենք մեր լուծումը` դա նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, եւ մենք հստակ դրա մասին խոսեցինք: Ասեցինք, որ այս ամբողջ արատավոր համակարգը, սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակը, կոռումպացված այս համակարգը, ոչ հաշվետու կառավարությունը, այս ամբողջը հետեւանք է կեղծված ընտրությունների: Ուստի որպես այս իրավիճակի լուծում մենք առաջարկում ենք Հայաստանում շուտափույթ կերպով լեգիտիմ իշխանության ձւավորում` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- նշեց ընդդիմության պատվիրակության ղեկավարը:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունք այդ հարցում, (արտահերթ ընտրությունների վերաբերյալ կողմնորոշվելու հարցում) չլինի, ապա իրենք կհամարեն երկխոսության հնարավորությունները սպառված:

Հարցին, թե արդյո՞ք իշխանական պատվիրակները այս հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել քննարկել արտահերթ ընտրությունների հարցը` Զուրաբյանը պատասխանեց. «Մեր ըմբռնումը այն էր, որ այս պատվիրակությունը որեւէ հարցի քննարկում չի բացառում: Այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների հարցը»:

Ի դեպ, Զուրաբյանը նաեւ հավելեց, որ ինքը հանդիպումից առաջ առաջարկել է ուղիղ հեռարձակմամբ եթեր հեռարձակել բանակցությունները, ինչը, սակայն, իշխանական պատվիրակները մերժել են:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի կազմում են` Դավիթ Հարությունյանը`ՀՀԿ, Գագիկ Մինասյանը` ՀՀԿ, Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ, Վարդան Բոստանջյան` ԲՀԿ, Մհեր Շահգելդյան` ՕԵԿ եւ Խաչիկ Հարությունյան` ՕԵԿ:

Ընդդիմության պատվիրակության կազմում են Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, կետնրոնական շտաբի անդամ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀՀՇ-ից` Սամվել Աբրահամյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը ՀԺԿ-ից:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am