ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին։
«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Թրեյսին։
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Ադրբեջանի ԶՈւ-ն օգոստոսի վերջին, 3 օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ճանապարհը բացելուց հետո, այնուամենայնիվ ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։