Արցախի նախագահը հանդիպել է քաղհասարակության հետ և ասել որ նրանցից ակնկալում է նոր գաղափարներ, նախաձեռնողականություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարևորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։

Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն և գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: