«Գամար ջոբա». Վրացի Զվիադիի թխած պուրիները Երևանի Վրացական փողոցում սիրում են ու գնահատում

«Գամար ջոբա». Վրացի Զվիադիի թխած պուրիները Երևանի Վրացական փողոցում սիրում են  ու գնահատում
«Գամար ջոբա». Վրացի Զվիադիի թխած պուրիները Երևանի Վրացական փողոցում սիրում են ու գնահատում

«Ո՞նց ես, Գոգո´»,- ամեն առավոտ ալյուրոտ Զվիադին ժպիտով դիմում է տաք ու համեղ պուրի առնող երեխաներին:
Երևանի Վրացական փողոցի վրացական պուրին մեծ համբավ ունի ոչ միայն համի, թարմության, այլև ժպտերես, ազգությամբ վրացի հացթուխ 40-ամյա Զվիադի Կավիաշվիլիի շնորհիվ:
Հացի կրպակն այնպիսին է, որ գնորդը կարող է տեսնել, թե ինչ կատարվում է ներսում. ինչպես է Զվիադին պատրաստում հացի գնդերը, ինչպես է գունդը ձգում` երկարացնելով հատուկ պատրաստված տախտակի վրա ու թե ինչպես է այդ տախտակը բռնած` գլխով գցվում թոնրի մեջ, ոտքերը մի վայրկյան ճոճում օդում ու, խմորը խփելով թոնրի ամենաներքևի պատին, դատարկ տախտակով, հաղթական ու քրտնած դեմքով դուրս պրծնում:

Երբ մոտիկից ես նայում սպիտակամաշկ ու կարմրաթուշ Զվիադիին, երևում է, որ մազերի ծայրերը խանձված են:

Զվիադին աշխատելիս սիրում է վրացական երաժշտություն լսել, երբեմն էլ քթի տակ վրացերեն ինչ-որ բան է խոսում: Մեկ տարի է` նա ապրում ու աշխատում է Երևանում:

«Ոնց որ Վրաստանում ապրեմ, տարբերություն չկա»,- ասում է նա:

Տնօրինությունը Զվիադի համար տուն է վարձել, աշխատանքային ժամերը առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ն են: Աշխատավարձը գործարքային է` կախված պուրիի վաճառքից:

«Նորմալ է,- աշխատավարձի մասին ասում է Զվիադին,- կարողանում եմ մի քիչ էլ հետ գցել»:

Վրաստանում նա երկու երեխա ունի, եղբայր, ցավով նշում է, որ կնոջից բաժանված է:

Սրբուհին` կրպակի ժպտերես վաճառողուհին, թաքուն պատմում է, որ Զվիադին ուզում է ամուսնանալ հայ կնոջ հետ, մնում է հարմար կին գտնել:

«Մենք նրան շատ ենք սիրում»,- պատմում է Սրբուհին. երբ ամռանը երկու շաբաթով Զվիադին գնացել էր Վրաստան հանգստանալու, բոլորը կարոտել էին նրան: Զվիադին Վրաստանում ապրում է Օնսկի շրջանում:

«Երբ մտածում եմ հայրենիքիս մասին, հասկանում եմ, որ մարդկանց եմ կարոտում, թե չէ այստեղ ինձ լավ եմ զգում, բոլորն ինձ լավ են վերաբերվում»,- ասում է նա:

Հաճախորդները հաճախ են խնդրում լուսանկարել նրան, Զվիադին հաճախորդների արած լուսանկարները պահում է դարակում, իսկ Սրբուհին շատ է ուզում, որ այդ լուսանկարները շրջանակի մեջ դնեն ու կախեն պատերից:

Վրացական փողոցում ապրողներից շատերը նախկին վրացահայեր են ու գիտեն լեզուն, ոմանք էլ, Զվիադիին սիրելով, հատուկ նրա համար որոշ արտահայտություններ են անգիր անում, որ ուրախացնեն հացթուխին:

– Գամար ջոբա,- ներս է մտնում ժպիտը դեմքին առաքիչը:

– Ռոգա րախար,- ալյուրը ձեռքերից թափ տալով` ժպտում է Զվիադին:

-Կարգադ,- լսվում է պատասխանը:

Վրացերեն «բարև, ո՞նց ես – լավ» սովորական հարց ու պատասխանից հետո ամեն մեկն անցնում է իր գործին. Զվիադին երկար ձողի օգնությամբ տաք, կարմիր հացերն է հանում «թոնդիրից», իսկ առաքիչն արկղերով հացը տանում է մեքենայում դասավորելու: Որոշ ռեստորաններ միայն այստեղ են հաց պատվիրում:

Զվիադին մեծ հաճույքով է անում իր գործը:

«Եթե գործդ չսիրես, լավ չի ստացվի»,- ասում է նա, իսկ իր պատրաստած պուրիի համի գաղտնիքը բացատրում է շատ պարզ` «մարդու ձեռից ա»:

Ասում է, որ Հայաստանում աղ քիչ են օգտագործում, օրինակ` Վրաստանում պուրին ավելի շատ են համեմում աղով, բայց այստեղ մարդիկ բողոքում են շատ աղից:

«Ամեն ինչի մեջ եք աղ քիչ գցում, օրինակ` խորովածի, քյաբաբի մեջ աղ չկա»,- ասում է նա:

Զվիադի Կավիաշվիլիի նման մի քանի վրացի էլ  են ապրում Երևանում, նրանք էլ են պուրի թխում: Սակայն Սրբուհին ասում է, որ «Վրացական պուրի» խանութները ցանցային չեն.

«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք: Համ էլ` մերը բոլորից համեղ ա, մեր հաճախորդներն են ասում»,- գոհ-գոհ ասում է նա:

Զվիադին երեկոյան հանգստանում է վրացի ընկերների հետ, երբեմն սրճարան են գնում, երբեմն էլ` եկեղեցի:

Ալյուրոտ աշխատասեղանի մոտ` պատին, սրբապատկեր կա. «Ընկերոջս հետ ռուսական եկեղեցի էինք գնացել, այնտեղ են տվել: Մենք հավատով ռուսական եկեղեցուն ավելի մոտ ենք»:

Զվիադիի ամենամտերիմ ընկերը` «թոնդիրը», վրացի է պատրաստել, որը նույնպես ժամանակավորապես ապրում է Երևանում:

Երբ հացի կրպակում վրացական բարձր երաժշտություն է լսվում, դա ընդամենը Զվիադիի բջջային հեռախոսն է զանգում: Զվիադիին հեռախոսով խոսելիս տեսնողին կարող է թվալ, թե նա բարկացած վիճում է.

«Իրականում վրացերենը մուննաթոտ ու կոպիտ լեզու է, շատ հնարավոր է, որ առօրյա ինչ-որ բաներից խոսեն, բայց մեզ թվա, թե վիճում են»,- ասում է 33-ամյա Անի Մխոյանը, որը հաճախ է Թբիլիսիում լինում:

Անիենց ընտանիքը միայն Զվիադիի թխած հացն է գնում. «Որ սոված եմ լինում` աչքիս առաջ մենակ էս հացն ա գալիս»,- ասում է նա: Մինչդեռ դեղագետ Անահիտ Կոշկարյանը զարմանում է, որ մարդիկ պուրի են առնում. «Մյուս օրն էլ ուտելու բան չի, մենակ տաք-տաք ա համեղ»,- ասում է նա:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am