«Պետք չէ հիմիկվանից սահմանափակել մեր հնարավորությունները՝ նշելով, թե Ալմա Աթայի հռչակագիրը թաղում է Արցախի կարգավիճակի հարցը». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ընդգրկում են Բաքու քաղաքը և Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանակից Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքները: Զորավարժությունների նպատակը ո՞րն է, ու արդյոք պատահակա՞ն են ընտրվել տարածքները, որտեղ անցկացվելու են դրանք, թե՞ այդ ընտրությունը միտումնավոր է ու որոշակի մեսիջներ է պարունակում:

– Այս զորավարժությունները չեն կարող պատահական լինել, վստահաբար դրանք ունեն հստակ նպատակներ, ընդ որում՝ և՛ բովանդակային, և՛ քաղաքական-քարոզչական առումով: Վերոնշյալի տրամաբանությամբ՝ կարող ենք փաստել, որ տեղանքի ընտրությունն էլ պատահական չէ: Հենց Իրանին սահմանակից ադրբեջանական մի քանի շրջաններում նման զորավարժությունները, դրանց շրջանակներում իրականացվող գործողություններն իրանական կողմին ուղղված ուղիղ ուղերձ են ու, բնականաբար, պայմանավորված են ինչպես տարածաշրջանային ընդհանուր իրավիճակով ու թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրերով, այնպես էլ՝ Իրանի դերակատարմամբ այդ ծրագրերի իրականացման հարցերում՝ որպես խոչընդոտ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է ազդել Իրանի դիրքորոշման վրա, նախազգուշացնել Իրանին՝ մի կողմից Իրան-Ադրբեջան խնդրահարույց հարաբերությունների հետ կապված, մյուս կողմից էլ, որը բավականաչափ կարևոր է, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասով, փորձում են վերացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի մասով առկա բոլոր խոչընդոտները:

Նույն խնդրի հետ կապված հստակ ուղերձ էր Հայաստանին անցյալ շաբաթվա վերջին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արհեստական արգելափակումը:

– Կհաջողվի՞ այդ միջոցով ազդել Իրանի դիրքորոշման վրա:

– Գործ ունենք բավականաչափ բարդ պրոցեսի հետ, որը ոչ միայն պայմանավորված է Իրան-Ադրբեջան կամ Իրան-Թուրքիա, Իրան-Ռուսաստան, Իրան-Հայաստան հարաբերություններով, այլ՝ գլոբալ իրավիճակով: Այսինքն՝ բավականաչափ բարդ ու բազմաշերտ գործընթացի ենք ականատես: Բնականաբար, Իրանի համար կարմիր գիծ է այդ միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակումը. դա ռազմավարական, անվտանգային, տնտեսական լրջագույն խնդիր է, և Իրանը հնարավոր բոլոր միջոցներով փորձելու է խոչընդոտել այդ ծրագրի իրականացումը: Որքանով Իրանի հնարավորությունները կբավարարեն, հիմա կդժվարանամ ասել:

Հազիվ թե միայն Իրանն ու Հայաստանը կարողանան խոչընդոտել այդ ծրագրի իրականացումը, այստեղ շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի դիրքորոշումը, իսկ նրա դիրքորոշումն իրենց հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում Թուրքիան ու Ադրբեջանը: Որպեսզի մենք կարողանանք խափանել այդ միջանցքային ծրագիրը, ապա պետք է շատ ակտիվ աշխատենք Իրանի ու Ռուսաստանի հետ: Բավականաչափ բարդ ու խնդրահարույց գործընթաց է լինելու, բայց կանխելու հնարավորություններ անշուշտ կան:

– Պարո՛ն Պետրոսյան, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Վերջինս չի բացառել, որ խաղաղության պայմանագրի կնքմանը նվիրված հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ, նշելով, որ «ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Ալմա Աթայի հռչակագիրը առաջընթացի լավ հիմք են ստեղծում»: Եթե այդ պայմանագրի հիմքը լինի Ալմա Աթայի հռչակագիրը, ու եթե հիշենք Լավրովի օրեր առաջ արված հայտարարությունն այդ մասին, ապա կարո՞ղ ենք ասել, որ այդպիսով Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչվելու:

– Կարծում եմ՝ բավականաչափ բարդ է հիմա կանխատեսել այդ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որովհետև կողմերի միջև կան շատ խորքային հարցեր, որոնք լուծում չեն ստացել: Իսկ նման բարդագույն փակուղային իրավիճակում խոսել այն մասին, որ հնարավոր է առաջիկայում ստորագրել խաղաղության պայմանագիր՝ այնքան էլ ճիշտ չէ, եթե, իհարկե, չկան ստվերային բանակցություններ, որոնց մասին մեծ հաշվով տեղյակ չենք:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա այդ հռչակագրի շեշտադրումը, մեծ հաշվով, երևի թե այն փոխզիջումային հանգամանքն է, որն արձանագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի մասին հիշատակվել է պրահյան քառակողմ հանդիպման ու Սոչիի եռակողմ հանդիպման ընթացքում: Դրա համար էլ պոտենցիալ միջնորդ Ռուսաստանը շեշտադրում է այդ հռչակագրի հանգամանքը:

Չպետք է մոռանալ, որ Ալմա Աթայի հռչակագրին նախորդել է Արցախի, ըստ էության, Ադրբեջանի կազմից դուրս գալու գործընթացը, ու նաև, որ այդ հռչակագիրն ունի վերապահումներ, որոնք առաջ են քաշվել Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ինչը թույլ է տալիս դիվանագիտական հարթակներում քննարկել Արցախի կարգավիճակի հարցը: Հետևաբար, միանշանակ նշել, որ այդ հռչակագրով օրակարգից դուրս է մնում Արցախի կարգավիճակի հարցը՝ սխալ է:

– «Երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Ֆրանսիան, թե՛ Միշելը դրան հավանություն են տվել այն փաստաթղթի շրջանակում, ըստ որի՝ իրենք ճանաչում են Ալմա Աթայի հռչակագիրն առանց վերապահումների, ապա սա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է խնդիրն առ այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում խոսում են ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների երաշխավորման մասին». Լավրովի հայտարարությունից հատված է՝ վերապահումների վերաբերյալ, դրանից ելնելով հնչեցրեցի նախորդ հարցս:

– Հիմա չի խոսում, որովհետև նպատակահարմար չի գտնում, բայց դա չի նշանակում, թե ինչ-որ փուլում, երբ օրակարգում կլինի Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը, այդ վերապահումներն օրակարգ չեն բերվելու: Բայց այդ հռչակագիրը հնարավորություն է ստեղծում հետագայում խոսել Արցախի կարգավիճակի մասին, ու պետք չէ հիմիկվանից սահմանափակել մեր հնարավորությունները՝ նշելով, թե Ալմա Աթայի հռչակագիրը թաղում է Արցախի կարգավիճակի հարցը:

Այլ հարց է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնի այդ պայմաններով բանակցել, բայց երբ օրակարգային եղան Արցախում հումանիտար խնդիրների լուծման հարցերը, Արցախում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կանխելը և այլն, ապա բոլոր հնարավոր իրավական մեխանիզմները, այդ թվում՝ Ալմա Աթայի հռչակագիրը, կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am