«Այն, որ Ռուսաստանի դրոշը ծածանվում է օդանավակայանի վրա, հույս է տալիս շատ արցախցիների, որ վերադառնան». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն Արցախում, ի՞նչ է արվում, և դեռ ի՞նչ խնդիրներ կան: 

– Մարդիկ շարունակում են վերադառնալ, ճիշտ է, դեռ ոչ բոլորն են վերադարձել, և պետք է ամեն ինչ անենք, որ ինչքան հնարավոր է շատ մարդ գա: Այս պահին իրավիճակն այդպիսին է: 

Սկսում ենք ամենաառաջնային խնդիրների լուծումից՝ էլեկտրաէներգիա, գազ, ինտերնետ, մինչև ավելի բարդ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, այդ թվում՝ փախստականները օթևան, կացարան գտնել: Միգուցե մի քանի տարի պետք է անցնի, որ այդ հարցերը կարգավորվեն: 

– Նշվում էր, որ ռուսները Ստեփանակերտին կից թաղամաս էին սարքելու, որ բոլորին կարողանան տեղավորել: Ո՞ր փուլում է այդ ծրագիրը, կա՞ նորություն, թե՞ ոչ: 

– Գործընթացը պետք է լինի, կամաց-կամաց առաջ է ընթանալու, պարզ է, որ սա 1-2 օրվա խնդիր չէ: Եթե հայտարարել են այդ մասին, ուրեմն պետք է իրականացնեն, դա կարող եմ ասել: 

– Ռուս սահմանապահների կողքին ապահով կամ անապահով զգալու հարցեր կա՞ն, այսինքն՝ Արցախում մարդիկ իրենց որքանո՞վ են ապահով զգում: Կա՞ պարենային անվտանգության խնդիր, թե՞ ոչ:

– Ընդհանուր առմամբ ապահով է, մի քիչ, իհարկե, դեռևս չենք ընկալում իրավիճակի ողջ բարդությունը, որովհետև Արցախի տարածքի ավելի քան 80 տոկոսը կորսված է, իսկ Արցախը երբեք էլ մեծ երկիր չի եղել, ու եղածի 80 տոկոսը կորցրել ենք:Սա մի խնդիր է: 

Երկրորդը՝ զոհերն են, որն անդառնալի կորուստ է: Կան շատ պարզ անվտանգության նորմեր, որոնք պետք է պահպանել, չնայած երբեմն մարդիկ մոռանում են, որ այնտեղ արդեն հակառակորդն է կանգնած, և որոշ փոքր միջադեպեր են գրանցվում: 

Անգամ պատանդ վերցնելու դեպքեր են եղել, իսկ դուք գիտեք, թե ինչ է նշանակում ադրբեջանցիների ձեռքին պատանդ լինել: Ընդհանուր առմամբ, իհարկե, հենց ռուս խաղաղապահների շնորհիվ է, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվում են: 

Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես է լինելու հետագայում, պետք է ապրենք, այլ տարբերակ չունենք: Արցախը հիմա նման է մի մարդու, որը եղել է առողջ, իսկ հիմա մի ձեռքը չկա, ոտքը չկա, աչքը չկա, և դա գիտակցելու համար ժամանակ է պետք: Նույնիսկ հասկանալով, որ այդպես է, դա գիտակցելու համար ժամանակ է պետք: Մենք հիմա այդ վիճակում ենք:

– Ճի՞շտ են տեղեկությունները, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի խանութներից ազատ առևտուր են անում, ելումուտ ունեն: Դուք փողոցներում հանդիպո՞ւմ եք ադրբեջանցիների:

– Ո՛չ, փողոցներում չենք հանդիպում: Այդպիսի տեղեկատվություն տարածվել է, ես չգիտեմ՝ որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ասում են՝ 1-2 հոգի մտել են մի խանութ, ցանկացել են ինչ-որ ապրանք գնել, բայց հետո դուրս են եկել, իրենց չեն վաճառել այդ ապրանքը: 

Այդպիսի բաներ են ասում, բայց հստակ փաստարկված կամ տեսանյութի տեսքով չկա: Խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ մենք պետք է պատրաստ լինենք, որ կարող են տեղի ունենալ այս սադրանքները, փորձեն ինչ-որ վնաս տալ: Սա իհարկե արտառոց դեպք է, այդքան էլ հեշտ չի գալ ու մտնել քաղաք, քանի որ տեղեր կան, որ պետք է անընդհատ հաշվառվես, խաղաղապահներն են կանգնած: 

Բայց մյուս կողմից՝ կարող են ապօրինի ձևերով ինչ-որ տեղերով մտնել: Այդ դեպքում էլ երևալու է զգեստից, որ հեռու տեղից են գալիս: 

Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինենք, պետք է զգոնությունը միշտ բարձր լինի, այն երբեք չկորցնենք: Հաշվի առնելով հայի հանդուրժողականությունը, չգիտես ինչու, մենք հանդուրժում ենք այլ ազգերի, բայց ինքներս մեզ չենք հանդուրժում: Մենք ունենք այն, ինչ ունենք: 

– Արցախ վերադարձողներից շատերն ասում են՝ գնացել էինք մի երկրից, վերադարձել լրիվ այլ իրականություն՝առանց կարգավիճակ, առանց ապահովության զգացողություն,  իսկ օդանավակայանի վրա էլ ռուսական դրոշն է ծածանվում: Ի՞նչ կարող եք ասել այս մասով, քաղաքացիները հուսահատվա՞ծ են: 

– Նախ նման բան չկա: Խոսել այդ սուտ հայրենասիրական բանաձևերով, կենացներով, ճիշտ չէ: Ուրեմն Բաքուն կառուցել, տվել ենք թուրքին, ոչ ոք չի խոսում, տեսանք, թե ոնց են բաքվեցիներին ընդունում, հիմա էլ խոսում են ռուսական դրոշի մասին: Բա ո՞ւմ դրոշը պետք է ծածանվեր, Ադրբեջանի՞: 

Այլընտրանքը դա է, թող չհասցնեին այս վիճակին: Ինչ է, հնարավորություն չկա՞ր այլ ելքի, իհարկե կար: Հնարավորություն կար հաղթելու, բայց հիմա սա է վիճակը: Հիմա էլի ուզում են մարդկանց ուշադրությունը շեղե՞լ, չի ստացվելու: 

Եթե մենք չկարողանանք դասեր քաղել, կործանվելու ենք: Առանց այդ էլ շատ վատ վիճակում ենք և այդ վիճակին մենք ինքներս ենք եկել: Ոչ մեկին չմեղադրենք: 

Եթե Ռուսաստանի դրոշը ծածանվում է օդանավակայանի վրա, դա մեր և այդ օդանավակայանի անվտանգությունն է: Կրկնում եմ՝ Արցախի տարածքի 82 տոկոսը կորցրել ենք: Սա պետք է հասկանանք, հերիք է ապուշություններով տարվենք ու երկիրը կործանման եզրին կանգնեցնենք: 

Այդ Ռուսաստանի ներկայությունն է այստեղ իրավիճակը պահպանում խաղաղ ու կայուն:

Այն, որ այսօր ջլատված ու մասնատված Արցախը դեռ կա, ռուսների շնորհքն է: Այն, որ Ռուսաստանի դրոշը ծածանվում է օդանավակայանի վրա, հույս է տալիս շատ արցախցիների, որ վերադառնան: 

Մանե Հարությունյան

MediaLab.am