«Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։  Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Աղաս Սահակյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Դավթյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Գ. Դավթյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին, իսկ տարածքը «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքն է։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ դժբախտ պատահար։ 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: