Կադրային փոփոխությունը չպետք է ինքնանպատակ լինի. նախարարը վճռական է հնարավորինս արագ լուծումներ տալ տուժածների խնդիրներին

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հակառակորդի թիրախավորման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից տուժած արցախցիների, հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման, ինչպես նաև նախարարի պաշտոնում իր առաջնահերթությունների վերաբերյալ: 

– Պարոն Առաքելյան, Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար եք նշանակվել հետպատերազմական դժվարին իրավիճակում, երբ մասնավորապես ձեր ղեկավարած նախարարության առջև առկա են մեծաթիվ խնդիրներ: Կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիներին միանվագ 68 հազար դրամի չափով օգնություն է ցույց տալու: Կարծիք կա, որ այս գումարը բավական փոքր է: Արդյոք այն հետագայում աճելու միտում ունի՞:

– Հետպատերազմական վիճակում նախարարության և՛ առաջնահերթությունները, և՛ գործառույթները, ցավոք, էականորեն փոխվում են առնվազն առաջիկա ժամանակահատվածի համար: Մասնավորապես, այո, Արցախի մեր հայրենակիցների զգալի հատվածը դեռ Հայաստանի Հանրապետությունում է, որոնց մի հատվածը կորցրել է նաև իրենց բնակավայրերը պատերազմի հետևանքով: Մնացած հատվածի մասով ջանքեր են գործադրվում առավելագույնս արդյունավետ կերպով ապահովել նրանց վերադարձն Արցախի Հանրապետություն: Առաջին միջոցառման շրջանակներում է ընդամենը 68 հազար դրամ տրամադրվելու: Իհարկե, մեծ գումար չէ, սակայն մենք արդեն ունենք երկրորդ միջոցառումը հաստատված, որն առաջիկա օրերին կգործարկվի: Մանսավորապես, Արցախի մեր այն հայրենակիցներին, որոնք բնակվել են այն բնակավայրերում, որ այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս, կտրվի միանվագ օգնություն՝ 300-հազարական դրամի չափով, ընդ որում ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին:

Ի՞նչ հավելյալ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նախարարությունն արցախցի այն քաղաքացիների կարիքների ապահովման համար, որոնք կորցրել են իրենց տները և ցանկանում են մնալ ու ապրել Հայաստանում:

– Առաջիկայում ունենք նաև այլ միջոցառումներ, սկսած կացարանների ապահովումից, որովհետև իրատեսական ենք գնահատում իրավիճակը, որ առնվանզ այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են իրենց բնակավայրերը, առաջիկա ամիսներին Արցախում նոր բնակավայր ունենալու հարցը շուտ չի կարգավորվի: Հետևաբար, Հայաստանում նրանց պատշաճ կեցությունն ապահովելու համար նույնպես կունենանք աջակցություն: Միջոցառումները լինելու են բազմաբնույթ, որոնց գերնպատակն, ի վերջո, երկարաժամկետ հատվածում առավելագույնս մեծ թվով քաղաքացիների վերաբնակեցումն է Արցախում՝ ստեղծելով կյանքի համար բավարար նվազագույն պայմաններ, և կարճաժամկետ հատվածում նրանց համար ապահովել Հայաստանում կեցավայրեր ու նորմալ կենսագործունեության պայմաններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում