Տավուշի մարզի ոռոգման համակարգերի արդիականացումը՝ որպես սահմանային անվտանգության ամրապնդման միջոց

«Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

««Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը ՀՀ կառավարության հետ միասին ակտիվորեն ներգրավված է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ջրային համակարգերի բարելավման գործում:

Գյուղերի զարգացումը հիմնադրամի առաքելության մի մասն է, դե իսկ սահմանամերձ այս տարածաշրջանում ոռոգման համակարգերի նախագծումը, կառուցումը և արդիականացումը կարևոր նշանակություն ունեն այնտեղի բնակչության համար տնտեսական կենսամիջոցներ ապահովելու համար: Ներկայումս արդյունավետ ոռոգման համակարգերի բացակայությունը, որը սահմանափակում է գյուղատնտեսական արտադրանքը և ապրանքների բազմազանությունը, պատճառներից մեկն է, որ Տավուշի բնակիչները լքում են գյուղերը և տեղափոխվում են մոտակա քաղաքներ, ինչի հետևանքով սահմանամերձ ռազմավարական նշանակության գյուղերն էլ ավելի են դատարկվել: 

«Հ.Հովնանյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն անմիջական ազդեցություն կունենան նաև խմելու ջրի օգտագործման վրա, քանի որ ներկայումս խմելու ջրի մոտ 50-60%-ն օգտագործվում է հողերի ոռոգման համար։

Տավուշի մարզի հետ համագործակցությունը սկսվել է 2020 թվականին, երբ հիմնադրամը Վարագավանում իրականացրեց 42,000,000 դրամի պիլոտային ծրագիր։ Ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, հիմնադրամը կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մոտ 2 մլրդ 300 մլն դրամի ներդրման հուշագիր ստորագրեց մարզպետարանի հետ՝ ևս 23 գյուղերի ոռոգման համակարգերի կառուցման և արդիականացման համար։

Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականի վերջը կիրականացվեն հինգ ծրագիր՝ ըստ առաջնահերթության՝ Ակնաղբյուր, Աչաջուր, Այգեհովիտ-Վազաշեն, Բերդավան և Չինարի գյուղերում: Հարկ է նշել, որ հիմնադրամի կողմից 2021-2022 թվականներին իրականացվող ծրագրերի շնորհիվ հողի մշակման միջին արդյունավետությունն ավելացել է 70-80%-ով։

Նմանատիպ ևս հինգ ծրագրեր նախատեսվում է իրականացնել Կողբ, Բագրատաշեն, Վազասեն, Բարեկամավան և Խաշթառակ գյուղերում 2023 թվականին: 2021-2023 թվականներին իրականացվող արդիականացման ծրագրերի արդյունքում լրացուցիչ 5000 հա հողատարածք կդառնա ոռոգելի: Ինչպես նշեց ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, «Հովնանյան հիմնադրամի ներգրավվածությունն ու ներդրումը մարզում աննախադեպ է լինելու…»:

Սակայն Տավուշի ոռոգման համակարգերի վերականգնումն ունի ոչ միայն սոցիալ-տնտեսական կարևորություն, այլեւ ռազմավարական-անվտանգային նշանակություն։ Այս տարածքի ջրային համակարգերի մեծ մասը կերակրում է Կուր-կասպյան ավազանը (Ադրբեջան): Խորհրդային Միության տարիներին ջրի պահեստավորման համար կառուցվել է չորս ջրամբար, որոնցից մեկը Իջևանի տարածաշրջանում գտնվող Բերքաբերի ջրամբարն է։ Եվս երեքը՝ Խնձորուտի, Տավուշի և Հախումի ջրամբարները գտնվում են Բերդի տարածաշրջանում։

Խորհրդային Միության տարիներին վերը նշված ջրամբարները կառուցվել են ամենացածր գոտիներում՝ գրեթե Ադրբեջանի սահմանին, որի պատճառով Հայաստանի ոռոգման համակարգը 95%-ով հիմնված է եղել պոմպային համակարգերի վրա։ Պատերազմի, Խորհրդային Միության փլուզման և դրան հաջորդած 90-ականների տնտեսական ճգնաժամից հետո այս ջրամբարային ենթակառուցվածքների 90%-ը հնացան կամ քանդվեցին։ Արդյունքում, հայերը կարող են օգտագործել այդ ջրաքանակների շատ փոքր մասը, քանի որ գրավիտացիոն ուժի պատճառով դրանք հիմնականում հոսում են Ադրբեջան՝ հարստացնելով հարեւան երկրի սահմանամերձ շրջանները։

Այսպիսով, ոռոգման համակարգի ընդլայնումը և ջրային ռեսուրսների լիարժեք օգտագործումը նաև մեծ ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու առումով։ Հետևաբար այն համարվում է բազմակողմ ռազմավարական խնդիր՝ թիվ մեկ առաջնահերթություն: Խնդրի լուծումն, ինչպես նշվեց, ունի նաև տնտեսական մեծ նշանակություն, իսկ խնդրի լուծումը կհանգեցնի գյուղական համայնքներում եկամտաբերության բարձրացմանը, որը հետագայում կլուծի բազմաթիվ այլ ենթակառուցվածքային խնդիրներ»։