Հայ երիտասարդները՝ գերմանական կղզում համատեղ ուտոպիա ստեղծելու ճանապարհին

Հայ երիտասարդները՝ գերմանական կղզում համատեղ ուտոպիա ստեղծելու ճանապարհին
Հայ երիտասարդները՝ գերմանական կղզում համատեղ ուտոպիա ստեղծելու ճանապարհին

Արդեն երրորդ տարին է՝ հայ երիտասարդ արվեստագետները կովկասյան ու եվրոպական այլ երկրների արվեստագետների հետ գերմանական Յուստ կղզում ձևավորում են ժամանակավոր համայնք և համատեղ ստեղծագործում տարբեր արվեստանոցներում՝ երաժշտարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, ֆիլմարվեստ և այլն:

Արվեստագետների փոխանակման ART LAB ծրագրի շրջանակում Յուստում նկարահանվել է ֆիլմ, որը ցուցադրվեց ՆՓԱԿ-ում։ «Երջանիկ երիտասարդություն» հասարակական կազմակերպության համակարգմամբ՝ հայ երիտասարդ արվեստագետները հնարավորություն են ստանում մասնակցելու ծրագրին, որը համագործակցության նոր ճանապարհներ է բացում, և ծանոթացնում Յուստ յուրահատուկ կղզուն: Այն գտնվում է Հյուսիսային ծովում և բնության արգելավայրի մաս է, ուր կանգ են առնում բազմահազար չվող թռչունների երամները, որտեղ չկան բարձրահարկ շենքեր, մեքենաներ, փոխարենը կան ձիեր և ձիակառքեր, հիմնական փոխադրամիջոցը հեծանիվն է, որով շրջում են անգամ ոստիկանները։

«Այս պայմաններում երիտասարդները կարողանում են լիարժեք կտրվել առօրյայից,  շփվում են այլ երկրների արվեստագետների հետ ու համատեղ ստեղծագործում»,- ասաց ծրագրի հայաստանյան համակարգող, «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ միջազգային ծրագրերի պատասխանատու Հարություն Դաշտոյանը։ Ծրագրի մասին նկարահանված փաստագրական ֆիլմը ներկայացնում է մասնակիցների առօրյան, ստեղծագործական պրոցեսը և նրանց ապրումներն ու հույզերը, ինչպես նաև խոսում է մասնակիցների միջանձնային շփումների և ձևավորված համայնքի մասին:

TRANSCULTURAL ART LAB-ը երկու շաբաթ տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի, Օսեթիայի, Գերմանիայի և այլ երկրների թվով 50 արվեստագետներ ձևավորում են ժամանակավոր համայնք՝ հասկանալու համար ուտոպիայի գաղափարը և մշակելու համատեղ նախագծեր ինքնության, կատարելության և ապագայի թեմաներով: «Ստեղծիր քո ուտոպիան» ընդգրկուն թեմայի շրջանակներում, մասնակիցները արվեստի լեզվով խոսում են ոչ միայն ընդհանրապես ուտոպիայի թեմայով, այլ նաև կղզում գտնվելու ընթացքում ստեղծած ուտոպիստական համայնքի մասին:

Ծրագրի ավարտից հետո ծրագրի ընթացքում ստեղծված աշխատանքները ցուցադրվում են մասնակից երկրներում։ Հայաստանում երրորդ տարին է՝ «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ-ն ՆՓԱԿ-ի հետ համատեղ ծրագրի արդյունքներն ամփոփում է ցուցահանդեսների, ֆիլմի դիտումների և քննարկումների միջոցով։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.designyourutopia.com կայքում: 2019-ի ծրագրին մասնակցելու համար հայ երիտասարդ ստեղծագործողները կարող են հետևել «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ-ի սոցիալական էջին (https://www.facebook.com/HappyYouthNGO/), որտեղ տեղադրվում են այս և այլ միջազգային ծրագրերին մասնակցելու հայտադիմումները։