«Պաշտոնյաներն էլ իրենց անմեղսունակ հայտարարությունների ու գործողությունների համար պետք է պատասխանատվություն կրեն»․ Նինա Կարապետյանց

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող նոր փոփոխություններն ու լրացումները գործողություն է, որն ուղղված է լռեցնելու ու ճնշելու ընդդիմախոսներին ու մամուլին։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

«Տարբեր ոլորտներում այսօր պաշտոնյաները հիմարություններ են խոսում ու հիմարություններ են անում, իսկ որոշ դեպքերում նաև հանցագործություն են կատարում և պատասխանատվության չեն ենթարկվում։ Դրա ափոխարեն նախագծով նախատեսում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր դա տեսել են ու համարձակվել են դրա մասին խոսել»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Նշենք, որ e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել նախագիծ, որով առաջարկվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Ըստ նախագծի՝ «Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Նշվում է, որ նախագծի հեղինակը Գլխավոր դատախազությունն է։

Դատախազությունից հիմնավորում են՝ «նախագծի ընդունմամբ ակնկալվում է քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է․ «Սա ընդունելի տարբերակ կլիներ ինձ համար, եթե լիներ համաչափ։ Այսինքն՝ եթե նույն պաշտոնյաներն անմեղսունակ և իրենց պաշտոններին չհամապատասխանող հայտարարությունների ու գործողությունների համար պատասխանատվություն կրեին։ Եթե ԱԱԾ տնօրենը ձախողում է իր աշխատանքը, հետո բարեհաջող թողնում ու հեռանում, և իրենց թավիշով ասում են՝ ցտեսություն, և երբ դու մարդկանց բացատրում ես, որ դա անմեղունակություն ու անբարոյանություն է, և դրա համար տուգանում են, այստեղ չկա համաչափություն»։

Ըստ իրավապաշտպանի՝ երբ համապատասխան վարքագիծ կդրսևորեն չինովնիկն ու նրան վերահսկողը, այդ ժամանակ կարող են պահանջել պատասխանատվության ենթարկել վիրավորանքի ու զրպարտության համար։

«Ես ընդունում եմ, այո, վիրավորանքն ու զրպարտությունն անընդունելի են, բայց երբ չկա համարժեքություն ու համաչափություն, այստեղ արդեն խնդիր է առաջանում։ Երբ նույն դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը 30 տարի ձախողել է, արդյոք ես իրավունք չունե՞մ ասելու, որ դատախազությունը հանցավոր ռեժիմի մաս է կազմում։ 

Արդյոք իմ արտահայտությունը վիրավորակա՞ն է, ոչ, իմ արտահայտությունը փաստի արձանագրում է։ Գուցե դա դատախազության համար ընկալվի որպես վիրավորանք, բայց իմ տեսակետից հանցագործություն է, երբ 30 տարվա ընթացքում կուտակված դղյակները, կալածվածքները չեն վերահսկվել դատախազության մարմինների կողմից։ 

Եթե այդ մասին խոսենք, կասեն՝ զրպարտում եք, դե ցույց տվեք դատարանի որոշումը։ Բայց մենք այդ դատարանի որոշումը չենք կարող ցույց տալ, որովհետև դատարանը ևս եղել է այդ հանցավոր համակարգի մաս»,- հավելում է Նինա Կարապետյանցը։

Ըստ իրավապաշտպանի՝ առանձին դեպքերում, իհարկե, վիրավորանք ու զրպարտություն լինում է։ Բայց, շատ նուրբ է այդ սահմանը, թե որն է վիրավորանք ու զրպարտություն, որը՝ ոչ։

«Եթե ես ասեմ, որ այս ծավալի կոռուպցիայի գոյությունը Հայաստանում դատախազության, դատարանների, վարույթն իրականացնող մարմինների հանցավոր համագործակցության հետևանք է, իրենք դա կընդունեն զրպարտություն։ Այնինչ, դա փաստի արձանագրում է։ Հիմա շատ նուրբ է լինելու այդ սահմանը, որտեղ պետք է հասկանան։ 

Մյուս հարցն այն է, թե ովքե՞ր են մեզ պատժելու, նրանք ովքեր այդ հանցագործությունների համար պետք է պատասխանատվություն կրած լինեին շատ վաղուց։ Այնպես որ, շատ վիճելի օրենքներ են ընդունում»,- ասում է նա։

Կարապետյանցը հավելում է, որ ոչ մի օրենք, անգամ լավագույն օրենքը չի աշխատելու, եթե դրա համար չկան նախադրյալներ հասարակության մեջ, չկա խնդրի ընկալում, փոխադարձ հարգանք։ 

«Չի աշխատելու, ինչ ուզում են, թող բերեն»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am