Զուգարանային աննպատակ ծախսեր. ըստ փորձագետների` գումարները կարելի էր ավելի խելամիտ օգտագործել

Զուգարանային աննպատակ ծախսեր. ըստ փորձագետների` գումարները կարելի էր ավելի խելամիտ օգտագործել
Զուգարանային աննպատակ ծախսեր. ըստ փորձագետների` գումարները կարելի էր ավելի խելամիտ օգտագործել

Աղմուկի պատճառ դարձած ՀՀ բյուջեի միջոցներով 124 մլն դրամ արժողությամբ Հայաստան ներկրված 2 բիոզուգարանները բազմաթիվ մեկնաբանությունների և նույնիսկ «Ֆեյսբուքում» «Միասին այցելենք 170.000 դոլարանոց զուգարաններ» հատուկ իվենթի` միջոցառման առիթ է դարձել:
Տեղեկացնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ասել է, որ ՀՀ պետբյուջեի ֆինասավորմամբ 2012-ին Հայաստան է ներկրվել 2 բիոզուգարան, որից յուրաքանչյուրն արժե 170 հազար դոլար:
Նա նաև նշել է, թե որտեղ են տեղադրված թանկարժեք զուգարաները. մեկը` Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում:
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով` 200 դրամ վճարով, և որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հնարավոր է լինելու մաքրություն պահպանել:

Սակայն այս կարծիքը չեն կիսում փորձագետները: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նման զուգարանի տեղադրումը հատկապես Երևան քաղաքում «աննպատակ» է համարում:

Ըստ Սիմոնյանի` քանի որ Երևան քաղաքը կոյուղացված է, կարելի է շինություններում կոյուղացված զուգարանների թիվն ավելացնել, քան բիոզուգարաններ դնել:

«Քաղաքի տարբեր տեղերում կան նկուղային հարկեր, ազատ շինություններ, որտեղ կարելի է հանրային զուգարաններ կառուցել, քանի որ քաղաքում ողջ համակարգը կոյուղացված է, և մաքրման կայանքներ կան: Այդ իսկ պատճառով քաղաքում աննպատակ է բիոզուգարաններ դնելը»,- «Մեդիալաբին» ասում է Սիմոնյանը:

Նա հավելում է, որ ճիշտ կլինի նման բիոզուգարաններ տեղադրել գյուղերում, որտեղ «կոյուղիներ գրեթե չկան, ու գոյություն չունեն մաքրման կայանքներ»:

«Տուրիստների համար էլ հարմարավետ կլինի քաղաքում կոյուղացված զուգարաններից օգտվելը, քան բիոզուգարաններից, որոնք ժամանակ առ ժամանակ միևնույն է՝ պետք է մաքրվեն»,- հավելում է Սիմոնյանը:

«Ինչ վերաբերում է բիոզուգարանների արժեքին, ապա ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ նշել, որ գինը սովորաբար կախված է նրանից, թե ինչից են պատրաստում զուգարանը: Ոչ այնքան արժեք ունի զուգարանակոնքը, որքան պատերը, վերևի հատվածը, արդյոք սալիկապատվա՞ծ են, թե՞ ոչ և այլն»,- հավելում է փորձագետ Սիմոնյանը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը զարմացած կառավարության` նման մեծ գումար նման նպատակի համար ծախսելուց և հավելում է, որ «այդքան դրամով 2 բիոզուգարան ներկրելու փոխարեն լավ կլիներ կառավարությունն աջակցեր բիոգազի և բիոհումուսի արտադրությանը»:

«Ես չգիտեմ, թե ինչու են հանկարծ առել դա, բայց պետբյուջեից հատկացված այդ գումարը կարող էին բաժանել և տեղական միջոցներով բիոգազի արտադրությանը նպաստել: Ի վերջո, ինչպես կենդանիների, այնպես էլ մարդու արտաթորանքը վնասակար տարրերից մաքրվելուց հետո պարարտանյութ է դառնում, միշտ էլ դա օգտագործվել է: Իսկ քաղաքում այդպես տեղադրելով` հասկանալի չէ, ինչպես են դա օգատգործելու, իսկ եկեղեցու մոտ էլ եթե տեղադրեն, այդտեղ տհաճ «բուրմունք» է տարածվելու»,- «Մեդիալաբին» ասում է Սանասարյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարում` թանկարժեք զուգարանը:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=rwdDaSrYZK8