«Հրաշալի հաշվարկ էր անում, գերազանց տիրապետում էր գործին». Որդեկորույս մայրը չի հավատում, որ խիզախ որդին զոհվել է

50-ամյա Սուսաննա Թորոսյանը հուզմունքով ասում է՝ հոկտեմբերի 15-ից սկսած այլևս չի ապրում։ Այդ օրը Սուսաննան ստացել է որդու զոհվելու լուրը, մի քանի ժամ անց կանգնել է մոր սիրտը։

«Էդ պահից մինչև հիմա մեր կյանքը վերածվել ա դժոխքի»,- արցունքների միջից ասում է Սուսաննան։

Սուսաննայի որդին՝ 26-ամյա Արշավիր Թորոսյանը, զինվորական էր, վաշտի հրամանատար, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, 19 օր հակառակորդի դեմ մարտնչել է Հադրութում։ 

Մոր խոսքով՝ որդին հոկտեմբերի 10-ին մեծ կռիվ է տվել, երկու դիրք հետ վերցրել:

«Իրեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճան տվեցին, բայց մինչև կհանձնեին, արդեն զոհվել էր, հետմահու պարգևատրեցին»,- ասում է Սուսաննան։

Հոկտեմբերի 15-ին ԱԹՍ-ի հարվածից զոհվել է Արշավիրը։

«Էնտեղի կռվողներն են պատմում, որ իր զինվորներից զոհ չի տվել, ասել ա՝ առաջնահերթ զինվորները հասնեն ծնողներին։ Առավոտյան բարձրացել ա վերև, որ հաշվարկ անի, ու ԱԹՍ-ն եկել ա իրա վրա»,- ցավով ասում է Սուսաննան։

Մայրն ասում է՝ չէր կարողանում հավատալ, որ որդին զոհված կլինի, ասում է՝ հրաշալի հաշվարկ էր անում, գերազանց տիրապետում էր գործին։

«Ինքը հրետանավոր ա եղել, լավ հաշվարկ արել, չի վրիպել, դպրոցն ու ռազմական ինստիտուտը գերազանց ա ավարտել, որ զանգեցին, ասեցին՝ զոհվել ա, չէի հավատում»,- կսկսիծով ասում է մայրը։

Սուսաննան ասում է՝ որդին շատ էր սիրում զինվորականի գործը, խիզախ էր ու անվախ. «Ասում էր՝ մինչև գեներալ հասնելու եմ, ու միայն խոսքով չէ, գործով գնում էր առաջ, կհասներ, ցավոք․․․»

Սուսաննան ասում է՝ որդին առանձնահատուկ էր ամեն ինչով։ Բացի լավ սովորելուց և իր գործը լավ կատարելուց, նաև շատ ուշադիր էր, հոգատար, սիրում էր անակնկալներ անել։ Մայրը հիշում է՝ Արշավիրը տուն մտնելիս վարդերի փունջը ձեռքին էր գալիս, փորձում էր միշտ երջանկություն ու ժպիտ պարգևել մորը։

«2013-ին ամուսնուս մահից հետո ինքն ա տան հոգսը քաշել, չի թողել, որ իմ գլուխը ցավա, այ տենց տղա ա եղել»,- պատմում է մայրն ու ասում՝ որդին դիրքերից էլ իր հետ միշտ կապի մեջ էր, շարունակ ուշադիր։

«Պոստերից էլ կզանգեր՝ ի՞նչ եք անում, ո՞ւր ես, ասենք` ասում էի՝ խանութում եմ, ասում էր՝ քեզ մի բան ընտրե՞լ ես, գնա առ, ես փողը կուղարկեմ»։

Սուսաննան ասում է՝ համակերպվել որդու զոհվելու հետ չի կարողանում։ Ցավը աննկարագրելի կերպով խորն է, կարոտը՝ անհուն։

«Չեմ կարա ասեմ՝ էս ինչ ցավ ա, ես ամբողջ օրը խոսում եմ իրա հետ։ 

Չեմ կարում ինձ ներեմ, որ ես ապրում եմ՝ ինքը չկա»,- ասում է ու հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am