Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ այսօր տեղի ունեցած նիստում։ Այս մասին նշված է խորհրդի ընդունած հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ։
«Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:
Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:
Հանձնաժողովը ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ.‑ի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»: