Վա՛յ մեր երկրին ու հասարակությանը, եթե դուք եք մեր իրական ընդդիմությունը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի քաղաքական համակարգն այն աստիճանի է այլասերված, մեր երկրում այն աստիճանի չարության, ատելության ու թշնամանքի մթնոլորտ է ձևավորված, որ կասկածանքի ու դավադրության կանխավարկածով առաջնորդվելը շատերի համար դարձել է գերիշխող վարքագիծ:

Եթե դու Նիկոլ Փաշինյանին թուրք կամ դավաճան չես անվանում, Պուտինի ստրուկ չես անվանում, եթե դու նախկին իշխանությունների կողմից համակարգվող ու ղեկավարվող քաղաքական շրջանակներից չես և նրանց կողմից չես հովանավորվում, ուրեմն մի բան այն չէ:

Եվ ովքե՞ր են խոսում իրական ընդդիմության դիրքերից: Գիտե՛ք, պետք է փաստերով խոսել: Ովքե՞ր են այսօր հայտնվել խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում:

՛՛Հայաստան՛՛ դաշինիքի 99 տոկոսը Նիկոլ գոռացող է եղել: Նայեք նրանց ցուցակը: 2018թ. ՀՅԴ-ն մեկ օրվա մեջ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի կառավարությունից դուրս է եկել ու մտել Նիկոլ Փաշինյանի կառավարություն՝ ծափահարելով նրան:
Նայեք այդ դաշինքը ներկայացնող այլ անձանց հետագծին, նրանց անցած ճանապարհին:

Հիմա նրանք դարձել են թունդ ընդդիմադիր, իսկ մենք, որ փորձում ենք գործել հավասարակշռված ու քաղաքակիրթ ձևով և չենք տեղավորվում իրենց գծած սխեմաների մեջ, փաստորեն ունենք այլ ընկալում:

՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի մասով: Հիմա մենք պետք է հավատանք, որ Տարոն Մարգարյանը, Իշխան Զաքարյանը և Արթուր Վանեցյանը թունդ ընդդիմադիրնե՞ր են:

Փաստորեն Դուք Ձեր դիրքորոշումներով ուզում եք հասարակությանը համոզեք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընդդիմադիր գործիչնե՞ր են: Լու՞րջ եք ասում:

Վա՛յ այն պետությանն ու հասարակությանը, որի ընդդիմությունը պետք է լինեն նախկին շատ ու շատ հանցագործներ, որովհետև իմ խորին համոզմամբ, ցանկացած ընդդիմություն վաղվա իշխանությունն է:

Բացի այդ, նաև ԱԺԲ-ական որոշակի շրջանակների կողմից է մեր հանդեպ ցուցաբերվում քննադատական մոտեցում: Ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, որոնք ապրում են ապակե տնակներում, քար չնետեն իրենց հարևանների ուղղությամբ:

՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցությունն ինքնաբավ քաղաքական նորաստեղծ ուժ է, որը պատվով է դիմագրավելու ժամանակի փորձությանը՝ աստիճանաբար մեծացնելով քաղաքական ազդեցությունը՝ վերջնահաշվում հեգեմոն դեր ստանձնելու վճռականությամբ…»։