Ավագ ենթասպա Արամ Խաչատրյանը այսօր կդառնար 41 տարեկան. հերոսին շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը մարզպետը հանձնեց դստերը

Լոռու մարզպետարանից հայտնում են․

Հուլիսի 20-ին ավագ ենթասպա Արամ Խաչատրյանը կդառնար 41 տարեկան. հերոսի շիրիմի մոտ հավաքվել էին ընտանիքի անդամները, մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարտական ընկերներ ու զինվորականներ: Խորհրդանշական օրը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Մեդալը հերոսի դստերը հանձնեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը:Կատարվեց հոգեհանգստի կարգ, ներկաները միասին աղոթեցին Արամի ու մեր բոլո՛ր զոհված տղաների հոգու հանգստության ու խաղաղության համար:

Մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց՝ անձամբ է ճանաչել հերոսին. ուստի վիշտը, ափսոսանքն ու ցավը կրկնակի է, միևնույն ժամանակ մեծ է նաև հպարտությունը, քանզի հենց այդպիսի անվախ տղաների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, և որ մեր երկինքը խաղաղ է.

-Նրանք հաղթել են. հաղթել են, որովհետև իրենց կյանքը դնելով զոհասեղանին ՝ մեզ այսօր հնարավորություն են տվել ապրելու ու արարելու: Նրանք երբեք չեն բացակայելու մեր կյանքից, նրանք մեր շարքերում են, հանուն հայրենիքի զոհված մեր հերոսները հավե՛րժ ներկա են լինելու , և հավատացնում եմ՝ երկնքից հպարտանալու են մեր ձեռքբերումներով ու հաջողություններով,- ասաց մարզի ղեկավարը:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1980 թ. հուլիսի 20-ին, Լոռու մարզի Մարց գյուղում, զինվորականի ընտանիքում: 2004 թ. ծառայել է հետախուզական վաշտում՝ որպես վաշտի ավագ։ 2007 թ. տեղափոխվել է Վանաձորի Զինտեխնիկայի վերանորոգման գումարտակ՝ որպես գումարտակի ավագ, հետագայում արդեն ծառայել է որպես Հատուկ դասակի հրամանատար։ 2020թ սեպտեմբերի 27-ին մեկնել է Արցախ` մասնակցելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին։

Զոհվել է Շուշիի և Լիսագորի համար մղվող մարտերում՝ թշնամու դիվերսիոն խմբերի հետ կռիվ մղելիս։ Պարգևատրվել է գերատեսչական շքանշաններով` «Անբասիր ծառայություն», «Ծովակալ Իսակով» և «ՀՀ.ԶՈւ-ի 20-ամյակ». դրանց թվին ավելացավ ևս մեկը, ցավոք, հետմահու: