Թրամփը հայտարարել է Իրանի հետ խոսելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իրանի հետ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, լրագրողների հետ զրույցում Թրամփը չի մանրամասնել հնարավոր երկխոսության բնույթը կամ ժամկետները, ինչպես նաև չի նշել, թե Վաշինգտոնից ով կղեկավարի բանակցությունները։

Թեհրանի հետ հնարավոր քննարկումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը ասել է․ «Ես դա պլանավորում եմ, այո»։

«Մենք այժմ ունենք շատ մեծ և շատ հզոր նավեր, որոնք շարժվում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե ստիպված չլինեինք դրանք օգտագործել»,- հավելել է Թրամփը։

Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Թրամփը վերանայում է Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ հարվածել Իրանին, թե ոչ։