Կայացել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հեղինակ MediaLab

Դեկտեմբերի 2-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Քննարկվել է«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում եւ տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաեւ գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով գործունեություն:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական եւ այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական եւ այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից: Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:

Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:

Նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի համար առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում թեկնածուն ընտրվել է: