«Առաջարկում էինք, որ անտոկոս վարկեր տրամադրվեին ոլորտին»․ Ռեստորանների միության ղեկավարի պնդմամբ՝ որոշ բիզնեսներ կփակվեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը

– Պարոն Գևորգյան, հայտնի է, որ արտակարգ դրության պայմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալողները վատ վիճակում են հայտնվել։ Ի՞նչ իրավիճակ է ոլորտում, բիզնեսի սնանկացման դեպքեր կա՞ն։

– Արտակարգ դրություն հայտարարելուն զուգընթաց մեր գործընկերները փակվել են, չնայած դեռ փակվելու մասին պարետի որոշում չկար։

Այսինքն՝ այդ պահին փակվելու թելադրանքը չկար, բայց քանի որ մենք հասկանում էինք, որ առաջին հերթին սոցիալական պատասխանատվության ու մեր հայրենակիցների առողջության խնդիրն է, շատ գործընկերներ փակվեցին։ Բիզնեսն իսկապես գտնվում է ծանր վիճակում, բայց ֆինանսական հաշվարկներ ներկայացնելը դեռևս վաղ է։

Ես ամեն օր խոսում եմ ոլորտի ընկերությունների հետ, ընդամենը մոտ 2 շաբաթ է, որ ավելի խստացվեց իրավիճակը, և հաշվարկները դեռ կարվեն։

Պարզապես մի քանի ընդհանուր թիվ կարող եմ ասել։ Բիզնեսն ընդհանուր առմամբ տասնյակ միլիարդավոր դրամների հարկեր էր վճարում։

Հանրային սննդի ոլորտն ընդհանուր նախորդ տարի 200 մլրդ դրամից ավելի շրջանառություն է ունեցել։ Իհարկե, չպետք է նաև մոռանանք, որ վերջին 1-2 տարիներին գաստրոտուրիզմի զարգացման հետ կապված այցելուները բավական մեծ գումարներ ծախսել են նաև մեր ռեստորաններում։ Դա մի քանի 100 մլն դոլարի շրջանառություն է կազմել։

Այս իրավիճակի հետևանքները բոլորս շատ լավ հասկանում ենք։ Եթե իրավիճակը մի քանի ամիս շարունակվի, բավական վատթար կլինի։ Եվ այդ դեպքում, այո, կանխատեսում ենք, որ հնարավոր է նաև փակումներ լինեն։

– Կառավարությունը աջակցության ծրագրեր է հաստատել, որից կարող են օգտվել նաև ձեր ոլորտի ընկերությունները, մասնավորապես, արտոնյալ վարկեր ստանալ՝ իրենց խնդիրները լուծելու համար։ Այդ աջակցությունն ի՞նչ չափով կմեղմի ոլորտի խնդիրները։

– Մենք հասկանում ենք, որ պետությունը գտնվում է դժվարին վիճակում, և հանդես չենք եկել մաքսիմալիստական կամ անիրական պահանջներով։ Մեր բարձրացրած հիմնական հարցերը և առաջարկները հետևյալն են։

Առաջին հերթին պետք է սառեցվի եկամտահարկի և շրջանառության հարկի վճարումը այն բիզնեսների համար, որոնք մարտի վերջին ու ապրիլին պետք է վճարում կատարեն։ Ավելի ուշ ժամանակահատվածում, բնականաբար, բիզնեսը կվճարի, ինչպես մինչ այդ վճարել է։ Մեր անդամները շատ օրինապահ հարկատուներ ու պատասխանատու գործընկերներ են եղել։

Երկրորդ առաջարկը վերաբերում է նրան, որ հանրային սննդի ոլորտում շատ են ընկերությունները, որոնք այս պահին էլ վարկային պարտավորություններ ունեն։

Բոլորս հասկանում ենք, որ հիմա նրանք շրջանառություն չունեն, որ կարողանան այդ պարտավորությունները կատարել, առաջարկում էինք, որ գոնե երկրորդ եռամսյակի համար տոկոսները զրոյացվեին։ Բիզնեսը շատ պարտաճանաչ վարկառու է, հետագայում պարտաճանաչ կշարունակի կատարել իր պարտականությունները։ 

Եվ երրորդ առաջարկը հետևյալն է։ Քանի որ սա սեզոնային բիզնես է, ձմռանից հետո, երբ շրջանառությունն ընկած էր, ոլորտը միանգամից մտավ նոր ճգնաժամի մեջ՝ շատ ավելի մեծ ծավալներով։

Այսինքն՝ այն ենթադրյալ պահուստները, որոնք կարող էին լինել, իրենք ծախսել էին ձմռան ընթացքում։ Եվ կանխիկ դրամաշրջանառության հոսքն ապահովելու համար առաջարկում էինք, որ անտոկոս վարկեր տրամադրվեին ոլորտին կամ անտոկոս օժանդակություն՝ վերադարձնելու պայմանով։

Եվ չորրորդ առաջարկը՝ քանի որ մեր ոլորտի բիզնեսի աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում, և բիզնեսը շարունակում է կատարել իր սոցիալական պատասխանատվությունը՝ վճարելով իր աշխատողների աշխատավարձերի 2/3-ը, առաջարկում էինք, որ կառավարությունը կիսի այդ բեռը։

Այսինքն՝ 50 տոկոսը կառավարությունը վճարի, 50 տոկոսը՝ բիզնեսը։ Եվ կառավարությունն աջակցության 8-րդ փաթեթով մեր այդ առաջարկությունը մասամբ ընդունել է, ինքը վճարում է աշխատակիցներին, բայց բիզնեսի հետ համատեղ չի անում դա։

Մեկանգամյա նպաստի տեսքով վճարում է մարդկանց՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։ Մեր աշխատողներին, իհարկե, դա որոշակի չափով բավարարում է։ Բայց դա չի թեթևացնում բիզնեսի բեռը՝ մասամբ աշխատակիցներին վճարելու առումով։

– Կառավարության աջակցության ծրագրում հենց անտոկոս վարկեր տրամադրելու դրույթներ կան, որոնցով հնարավոր է և կոմունալ վճարներ վճարել, և աշխատավարձեր ու հարկեր։ Դա մատչելի չէ՞ ոլորտի ընկերությունների համար։

– Ես դրա համար եմ ասում, որ ոլորտում շատ ընկերություններ վարկային պարտավորություններ ունեն։ Ամեն դեպքում այդ վարկերը կառավարության կողմից համաֆինանսավորվում են, բայց մյուս կողմից՝ կա որոշակի տոկոս, որը բանկը կիրառում է։

Երկրորդ՝ սա ռիսկային ոլորտ էր նույնիսկ նորմալ պայմաններում, և բանկերը շատ դեպքերում դժկամությամբ են այդ վարկերը տալիս։ Հիմա տեսեք՝ փակ ռեստորանը դիմում է վարկի համար, ինչքանո՞վ է հավանական, որ փակ բիզնեսը կարող է վարկ ստանալ։

– Շատ ռեստորաններ այս օրերին անցել են օնլայն աշխատանքի, առաքում են իրականացնում։ Կա՞ն տվյալներ, թե ոլորտի ընկերությունների քանի տոկոսը կարող է օնլայն համակարգով աշխատել, դա ինչպես կթեթևացնի խնդիրները։

– Իրավիճակն ամբողջովին նոր է։ Մենք կարող են ասել, որ շատ ընկերություններ փորձում են օնլայն աշխատանքը՝ համագործակցելով կամ արդեն գոյություն ունեցող առաքող ընկերությունների հետ, մի մասն էլ որպեսզի իր աշխատողներին այդ պահին աշխատանք առաջարկի, փորձում է առաքումներն իր ռեսուրսներով կազմակերպել։

Բայց այս պահին որևէ մեկը չի մտածում շահույթի մասին, մտածում են գոյատևելու մասին։ Եվ այդ առաքումն ավելի շատ ապահովելու է աշխատակիցների մինիմալ աշխատավարձերը, ավելի շատ սոցիալական խնդիր է լուծում։

Եթե բիզնեսը նպատակահարմար է համարում, հաշվարկներ է անում ու տեսնում, որ գոնե մինիմալ ծախսերը դուրս կգան, կարող է որոշել անցնել այդ աշխատաոճին։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am