«Հայերը գեղեցիկ մարդիկ են, որոնց կարող ես նաև վստահել». ֆիլիպինցի խոհարարի սուշիները Հայաստանում

«Հայերը գեղեցիկ մարդիկ են, որոնց կարող ես նաև վստահել». ֆիլիպինցի խոհարարի սուշիները Հայաստանում
«Հայերը գեղեցիկ մարդիկ են, որոնց կարող ես նաև վստահել». ֆիլիպինցի խոհարարի սուշիները Հայաստանում

Ֆիլիպինցի Սոտերո Ռամոս Բուկատան արդեն 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում և տիրապետում է ճապոնական ուտեստների պատրաստման ու մատուցման գաղտնիքներին:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում շուրջ 6 տարվա խոհարարական փորձից հետո նա որոշում է ընկերների հետ տեղափոխվել Հայաստան ու աշխատել տեղի ճապոնական ռեստորաններից մեկում:

«Հայաստանում աշխատավարձն ավելի բարձր է, քան Ֆիլիպիններում: Երբ նոր էի Հայաստան եկել, չգիտեի ճապոնական ուտեստներ պատրաստել, քանի որ միշտ աշխատել եմ ֆիլիպինյան խոհանոցում: Բայց խոհարար ընկերներիցս մեկը 2 ամսում սովորեցրեց»,- ասում է նա:

30-ամյա ֆիլիպինցին, ում մականունով դիմում են Բոնկ, Հայաստանում ապրում է մենակ, թեև ունի շատ ֆիլիպինցի ընկերներ, որոնք բոլորն էլ աշխատում են ռեստորաններում որպես խոհարար:

«Ճապոնական ուտեստների մեջ շատ են սպիտակուցները, բացի այդ, նրանք սնունդն ուտում են հիմնականում թարմ, հում վիճակում և ամեն ինչում օգտագործում են բրինձ,- ասում է Սոտերոն: – Այստեղ հայերը շատ են սիրում պատվիրել սուշի, մակի ռոլի և ռոլիների տարբեր տեսակներ»:

Ճապոնական խոհանոցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սնունդն օգտագործում են այնպես, ինչպես իրենց տալիս է բնությունը: Ձկնատեսակներն օգտագործում են հում վիճակում, իսկ բրինձը եռացնում են առանց համեմունքների՝ համարելով դա իրենց երկարակեցության երաշխիքը:

Ճապոնական խոհանոցում բրնձից են պատրաստում նաև խմիչք՝ սակե (ճապոնական օղի), չոյա (ճապոնական գինի ), ասախի (ճապոնական գարեջուր): Հնում բրինձը համարժեք է եղել նաև դրամին, որով կատարել են փոխանակումներ:

«Ուտելիքը պետք է ուտել լռության մեջ, որպեսզի ամբողջությամբ մտնես ներդաշնակության մեջ: Իսկ երբ պատրաստում ես սուշի կամ ռոլի, պետք է պատրաստես ձեռքերով, որպեսզի մարդկային ձեռքերի ջերմությունը փոխանցվի կերակուրին, ու մարդիկ զգան համը»,- նշում է Սոտերոն:

Ըստ ճապոնական ավանդույթի՝ փայտիկները, որոնցով ուտում են ճապոնացիները, եկել է Չինաստանից 12-րդ դարում: Նրանք դա նվիրում են նորապսակներին՝ մաղթելով երջանկություն ու երկարակեցություն զույգ փայտիկների նման անբաժան: Այդ փայտիկները նվիրում են նաև երեխաներին նրանց ծննդյան 100-րդ օրը:

Ճապոնական ավանդույթների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում թեյի արարողությունները, որոնք անցկացվում են նաև Հայաստանում: Թեյի արարողությունների հիմնական իմաստն այն է, որ չեն խոսում նյութական իրերի մասին, զրուցում են միայն ներդաշնակության, գեղեցկության ու հոգևոր արժեքների մասին:

Սոտերոն նշում է, որ կիրակին իրենց մոտ աղոթելու օր է, և Հայաստանում ֆիլիպինցիներով ամեն կիրակի գնում են հայկական եկեղեցի:

«Հայերը գեղեցիկ մարդիկ են, որոնց կարող ես նաև վստահել: Գիշերը, երբ ես դուրս եմ գալիս զբոսնելու, շատ հանգիստ եմ ինձ զգում Երևանում, ոչ մի վտանգ չկա»,- ասում է նա:

Հայերեն քիչ թե շատ խոսել սովորել է աշխատավայրում: Իսկ աշխատանքից դուրս նրան այդ հարցում օգնում է հեռուստացույցը, որով նա հետևում է հայկական հաղորդումներին ու ֆիլմերին` հայերեն բառեր, նախադասություններ սովորելու համար:

«Հայ ընկերներ ունեմ այստեղ, բայց ավելի շատ ֆիլիպինցիների հետ եմ շփվում, որովհետև շատ լավ չեմ խոսում հայերեն, վախենում եմ` ինձ ճիշտ չհասկանան»,- ասում է Սոտերոն:

Հայաստանի տեսարժան վայրերից եղել է Արագածում,Էջմիածնում, Գառնիում, Գեղարդում, իսկ հայկական ուտեստներից սիրում է խորոված, շաուրմա, տոլմա և սպաս:

«Հայաստանի պատմությունից գիտեմ Ցեղասպանության մասին, թե քանի մարդ են կոտորել թուրքերը: Ընկերներիս հետ անցյալ տարի այցելել եմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` տեսնելու զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը»,- ասում է նա:

Սբ Զատիկը, Նոր տարին և մյուս ազգային տոները Սոտերոն նշում է Հայաստանում կրկին իր ֆիլիպինցի ընկերների հետ:

Նա հանգստանում է շաբաթը մեկ օր և նշում է, որ աշխատանքի նվիրվածության առումով հայերը զիջում են ֆիլիպինցիներին:

«Այստեղ նկատելի է, որ ռեստորաններում աշխատում են նաև տարեց կանայք, ինչը Ֆիլիպիններում այդպես չէ: Մեզ մոտ ռեստորաններում աշխատանքի են վերցնում երիտասարդ աղջիկների»,- ասում է նա:

Սոտերոն նշում է, որ սկզբում շատ էր կարոտում իր հայրենիքն ու այնտեղ ապրող ծնողներին, քույրերին ու եղբայրներին:

«Ի վերջո, ուզում եմ վերադառնալ Ֆիլիպիններ ու այնտեղ աշխատել, քանի որ իմ հարազատներն այնտեղ են, ծնողներս էլ մեծանում են, և ես ուզում եմ ապրել նրանց կողքին»,- ասում է Սոտերոն:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները՝ Կարապետ Սահակյանի

© Medialab.am