Ավագանու արտահերթ նիստում Երևանի եկամուտները և ծախսերը նախատեսվում է կրճատել 603,4 մլն դրամով

Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 243-Ա որոշմամբ 2021 թվականի փետրվարի 12-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարները նվազեցնել 603 մլն 394.2 հազար դրամով: Երևանի 2020 թվականի բյուջեի  եկամուտները 107 մլրդ 146 մլն 776 հազ. դրամ էին, ծախսերը՝ 116 մլրդ 259 մլն 587.5 հազ. դրամ,  դեֆիցիտը (պակասուրդը) 9 մլրդ112 մլն 811.5 հազ. դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու քննարկմանը ներկայացված մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել քաղաքի 2021թ. բյուջեի հավելվածներում։

Երևանի ավագանու արտահերթ նիստի երրորդ հարցը վերաբերում է «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխությունների և լրացումների նախագծին։