Վճարելու են շատ ավելին, քան քաղաքապետարանն է ներկայացնում, և օգտվելու են նույն որակի տրանսպորտից. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգ ներդնելով, ըստ էության, թանկացնում է տրանսպորտի ուղեվարձը, բայց քաղաքային իշխանությունը պնդում է, թե այդ թանկացումը տրամաբանված է։ Տրամաբանվա՞ծ է:

– Բացարձակապես ոչ մի տրամաբանություն չկա, երկրորդ՝ գործ ունենք փնթի կառավարման հետ ու ավելին ասեմ՝ ոչ միայն գործ ունենք փնթի կառավարման հետ, այլ նաև գործ ունենք ինքնահավան մի քանի անձանց փնթի որոշումների հետ, որոնք հենց հիմա իրենց եփած բորշչի ձեռքը կրակն են ընկել ու որոշել են այդ կրակից դուրս գալու համար այդ ամենը բարդել հասարակության վրա։ Սա իրականում դե ֆակտո փաստենք, հիմա ես իմ ասածները հիմնավորեմ ամբողջությամբ։ 

Շատ լավ է, որ դու գնում, թանկ ավտոբուս ես բերում, կողքը նկարվում ես, փիար ակցիա ես անում, բայց պետք է հասկանաս մի բան, որ այդ թանկ ավտոբուսը ինքնարժեքի մեջ ունենում է դեր ու նշանակություն, այսինքն՝ պետք էր ոչ թե բերել, նկարվել, ուրախանալ, մարդիկ էլ ուրախանային ու համարեին, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ պետք էր հանրությանը ներկայացնել, թե ինչ այլընտրանքներ կան, պայմանական MAN ապրանքանիշի, որոնք միգուցե բրենդով զիջում էին, միգուցե նստատեղերի ինչ-որ հարմարությամբ զիջում էին, բայց ընդհանուր Երևան քաղաքի արտաքին տեսքից սկսած մինչև ենթակառուցվածքներ սպասարկելուն բավարարում էին, այսինքն՝ մեքենաներն ունենում են չափորոշիչներ։ 

Դու ասում ես՝ ես հայտարարում եմ այս չափորոշիչով մրցույթ, ինձ ասեք՝ ես այս չափորոշիչներն ավելացնե՞մ, թե՞ չէ, որովհետև ամեն ավելացրած չափորոշիչ վաղն ազդելու է գնի վրա։ Երկրորդը, որն ավելի կարևոր է, քան այս տեխնիկական մի խնդիրը, որի մասին խոսեցի, պարզապես չէի կարող չխոսել, հաշվի առնելով, որ հիմա իրենք ստիպված են մարսել իրենց եփած բորշչը։ 

Հիմա տեսեք․ տարիներ շարունակ խոսվում էր, որ մենք ունենք անարդյունավետ տրանսպորտային ցանց, քանի որ փոխքաղաքապետն ինքն է հիմա հետ ու առաջ անում դեպի 2013 թվական, այ, որ 2013 թվականին իրենք փողոցում վազվզելու փոխարեն մի քիչ կարդային ու հասկանային, թե այդ թվականներին իրական պայքար մղողները, որոնցից մեկը ես էի, ինչ փորձագիտական փաստարկներ էին բերում, հիմա փոխքաղաքապետն ուզում է իրեն վերագրել, որ ինքը փաստարկ է բերում: Թող մի հարցազրույց գտնի, որ ինքը 2013-ին տալիս էր, կամ գտնի մեկին, որին հետաքրքիր էր իր կարծիքն այդ թվականին, չկա: 

Ես ձեզ հավաստիացնում եմ, այդ թվականներին փաստարկ բերողներ էլ չկային, շատ քիչ էին։ 

2013-ին շատ երկար կռիվներից հետո, ի վերջո, այդ ժամանակվա գործող իշխանությունները, քաղաքապետարանը ընդունեցին, որ մենք ունենք անարդյունավետ ցանց։ 

Անարդյունավետ ցանցն էլ նշանակում է, որ քո տրանսպորտը արդյունավետ չի աշխատում, այսինքն՝ դու կարող ես ունենալ ուռճացված ու անիմաստ ծախս, դու սխալ ես կառավարում, քո կառավարման մոդելը սխալ է, որը բերում է բարձր ինքնարժեքի, եթե ճիշտ կառավարես, ունենալու ես ցածր ինքնարժեք։ 

Քո մեքենաներն ավելի շատ կիլոմետր են գնում, ավելի շատ վառելիք են վառում, քո մեքենաներն ավելի երկար են քշվում, ամորտիզացիոն ծախսերն են ավելի շատ, քո մեքենաներն ավելի շատ են, այսինքն՝ քեզ ամեն օր պետք է պայմանական՝ 600 կամ 700 մեքենա աշխատի, բայց դու գիծ ես բացթողում 1000, որովհետև անարդյունավետ պտույտներ են կատարում, ճիշտ ուղևորահոսքը չեն տանում, ու կար կոնսենսուս՝ քանի կառավարման արդյունքում ունենք բարձր ինքնարժեք, այդ սխալը չի փակելու Երևանի կամ Հայաստանի բնակիչը, որը եկել է ու Երևանում տեղաշարժվում է, այսինքն՝ մենք ունենք անարդյունավետ ցանց։ 

Ավելին՝ երբ միջազգային խորհրդատուն եկավ Հայաստան, որին վճարվեց 850 հազար եվրո գումար, որից 600 հազարը վճարել է նախկին իշխանությունը, իսկ 250-ը՝ այս իշխանությունները, ճիշտ է, իրենք իրենց մեջ արդեն նախկին ու ներկա էին խաղում՝ ի դեմս Հայկ Մարությանի, բայց չէ՞ որ այդ ժամանակվա ավագանին էլի ՔՊ-ն էր, իրենք էին գործող իշխանությունը, իրենք էլ Հայկ Մարությանին հանեցին, քաղաքական պատասխանատվությունն էլի իրենց վրա է, այսինքն՝ միջազգային խորհրդատուին վճարած 850 հազարն իրենք էլ են ընդունում, որ ճիշտ է վճարված։ 

Միջազգային խորհրդատուն ասում է՝ սկսեք ցանցից, որովհետև ձեր ցանցն անարդյունավետ է, հիմա իրենք ասում են, որ այս թանկացումը ցանցի հետ կապ չունի, այսինքն՝ մենք աշխատելու ենք հին ցանցով, ինչն ուղիղ ապացույց է այն բանի, որ մենք վճարելու ենք անարդյունավետ համակարգի համար, այսինքն՝ իրական բարեփոխում չենք ունենալու և իրական բարեփոխում այսօր էլ չունենք։ Ասեմ ավելին, այն գները, որոնց մասին իրենք խոսում են, դրանք էլ են էական մանիպուլյատիվ, հիմա բացատրեմ՝ ինչո՛ւ։ 

Փաթեթները կազմված են բավականին մեծ ուղևորափոխադրման համար, հիմա տեսեք. միջին վիճակագրական քաղաքացին, որն առավոտը ժամը 9:00-ին գնում է աշխատանքի, դրա համար տնից դուրս է գալիս 8։30-ին կամ 8։00-ին, աշխատանքն ավարտվում է ժամը 18։00-ին, ինքը մի կերպ հասնում է կանգառ 18։30-ին, տուն է հասնում 19։30-ին, նա միջանկյալ տրանսպո՞րտ է նստելու, իհարկե՝ չէ։ 

Մեզանում աշխատանքային շաբաթը 5-6 օր է, այն մարդը, որը շաբաթվա վեց օրն աշխատում է, որ մի կիրակի է ունենում, ասում է՝ գոնե մի օր մնամ տանը, հանգստանամ։ Եթե այս մարդը արհեստական տեղաշարժեր չանի, նա ամիսը 60 հատ բնական տեղաշարժ չունի, նա առնում է իրականում 60 հատանոց փաթեթ, բայց ուղևորափոխադրումն իր համար կազմում է, պայմանական թիվ եմ ասում՝ 45, առավելագույնը՝ 50, այսինքն՝ երբ դուք իր վճարած թիվը բաժանեք ոչ թե 60-ի այլ՝ 50-ի,կտեսնեք, որ իր վճարածն այդքան տոկոսով ավելի է, այսինքն՝ իրականում 180 էր, 180-ը 20 տոկոսով ավելացրեք, դարձավ 200-ից ավելի։ 

Գամ տարեկան փաթեթին. էլի թարգմանեմ, որովհետև շատերի համար սա թարգմանած չէ։ Գիտե՞ք՝ ի՛նչ է նշանակում1000 ուղևորափոխադրում, դա նշանակում է Նոր տարի, Սուրբ Ծնունդ, ազատ օր, արձակուրդներ, կիրակի օրեր՝ մարդն ամեն օր պետք է տնից դուրս գա ու օգտվի տրանսպորտից երկու անգամից ավելի, այսինքն՝ հունվարի 1-ին երեք անգամ պետք է տրանսպորտ նստի, եթե մեկ շաբաթով որոշել է քաղաքից գնա Դիլիջան կամ Վրաստան հանգստանալու, պետք է այնտեղից գա, երեք անգամ տրանսպորտ նստի, կիրակի օրերին էլ պետք է անպայման տնից դուրս գա, երեք անգամ տրանսպորտ նստի, որ 1000 հատանոցն առնի: 

Մենք գիտենք, որ ունենք 51 շաբաթ, եթե այս կտրվածքով ենք հաշվարկն անում, կիրակի օրերը հանում ենք, տեսնում ենք, որ մեր նորման կանգնելու է մոտավորապես 500-600 ուղևորափոխադրում, այսինքն՝ իրականում այդ 110 հազար դրամով, որ ասում ենք՝ 110 դրամ է ստացվում, այդքան չի ստացվում, էլի գերազանցում է 200 դրամը, որովհետև նա փողը տալիս է, կորչում է: 

Դրան գումարած, եթե հաշվենք, որ ինքը տարվա սկզբից վճարում է այդ 100 հազար դրամը, սառեցնում է, չէ՞, գումարը: Մենք գիտենք, չէ՞, որ այս երկրում ավանդ կա, եթե ձեռքդ անիմաստ 100 հազար դրամ ունես, կարող ես դնել ավանդ, տարեվերջին դա կդառնա 115 հազար, այդ սառեցված փողի տոկոսն էլ պարտավոր ես դու հաշվել։ Այսինքն՝ ըստ էության բոլորը մանիպուլյատիվ թվեր են, իսկ իրական արժեքը, չզարմանաք, բայց հավաստիացնում եմ ձեզ՝ գերազանցում է 200 դրամը։ 

– Այսինքն՝ ստացվում է, որ մանիպուլյատիվ հնարքներով, թվերով փորձում են իրականությունը թաքցնե՞լ։

– Իհարկե, պարզապես պետք է այս ամենը մեր միջոցով ու լրագրողական համայնքի օգնությամբ թարգմանել հասարակության համար, որ իրականությունը հասկանան։ Ես ասում եմ՝ այո՛, կարող է լինել 180 դրամ, այն, ինչ իրենք են ասում, եթե դուք տրանսպորտ եք նստում երեք անգամ, ընդ որում՝ երեք անգամ նստում եք շաբաթվա մեջ ամեն օր, իսկ հիմա դուք ինքներդ ձեր շրջապատում հասկացեք՝ ամեն օր երեք անգա՞մ են տրանսպորտ նստում, որովհետև միջին վիճակագրական աշխատողը մեկ անգամ նստում է, մի անգամ էլ հետ է գալիս։ 

Դարձյալ մի կարևոր դրվագ եմ ուզում շեշտեմ. եթե գործ ունենք այսօրվա ցանցի հետ, այլ ոչ թե բարեփոխվածի, այսօրվա ցանցով 94 տոկոս առանց տեղփոխերի է, այսինքն՝ Ա կետից նստում ես, Բ կետում իջնում, նոր ցանցով՝ տեղփոխերը շատանում են, 40 տոկոսն է առանց տեղփոխի, նոր ցանցով ունենք երեք տեղփոխով, այսինքն՝ մի մարդը Ա կետից Բ կետ հասնելու համար չորս տրանսպորտ է փոխելու։ 

Եթե անգամ հաշվում ես ամենացածր տարիֆով՝ տարեկան 110-ով, այդ դեպքում հաստատ կսպառես, որովհետև նստում ես ու շատ ես գնում, դուրս է գալիս՝ մեկ ուղևորափոխադրումը 440 դրամ, այսինքն՝ նրանք հատուկ ստեղծում են շիլաշփոթ, որ ոչ մասնագետները մնան ֆոկուսի տակ։ 

Նոր ցանցով մենք ունենալու ենք մինչև երեք տեղփոխ, այսինքն՝ այս սակագնային համակարգը եթե այսօրվա ցանցի համար է, մարդիկ օրվա մեջ մեկ անգամ գնալու են աշխատանքի, մեկ անգամ վերադառնան, նրանց օրվա մեջ երեք անգամ պետք չէ, արդյունքում՝ նրանց համա տրանսպորտը դառնում է 44, թող անի՝ 50 ուղևորափոխադրում ամսական, 60-ը 50-ից հաշվեք՝ քանի՛ տոկոս է ավելի, այսինքն՝ ինքն ավելի վճարել է 20 տոկոս, հիմա այդ ավելի վճարած 20 տոկոսը բերեք այդ 180-ի վրա ու կտեսնեք, որ ստացաք 200 դրամը գերազանցող գումար։ Պատկերացրի՞ք՝ ինչպես են խաբում մարդկանց։

– Ստացվում է, որ կրկին խորքային ուսումնասիրություններ չեն կատարել ու հիմա ամեն կերպ փորձում են արդարացնե՞լ այդ ամենը։

– Այն, որ իրենք խորքային բան չեն կարող անել, պարզ է, բայց այն, որ հանրային դաշտում ու մնացած գործիչներն էլ պետք է ոչ թե իրենց ջրաղացին ջուր լցնեն ու սիրողական, մատների արանքով գնահատականներ տան, այլ իրական փորձաքննության պետք է ենթարկեն ու մարդկանց բացատրեն, թե ինչպես են մարդկանց հիմարացնում։

– Պարո՛ն Պիպոյան, ստացվում է, որ վճարելու են ավելի բարձր, բայց որակյալ տրանսպորտ այդպես էլ չե՞նք ունենալու։

– Միանշանակ, մենք չենք կարող որակյալ տրանսպորտային համակարգ ունենալ, որովհետև ունենք անարդյունավետ ցանց, ինչն էլ բարձր ինքնարժեք է ենթադրում։ Նրանք առանց ցանցը վերանայելու ասում են՝ ինքնարժեքը բարձր է, բերեք փողը տվեք։ Մենք 2013-ին ասում էինք՝ ցանցը փոխեք, հասկանանք՝ ո՛րն է իրական ինքնարժեքը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am