«Իրանի ղեկավարությունը մտահոգ չէ, որ այս ցույցերը կարող են սասանել պետության հիմքերը. դեռ այդ կրիտիկական պահը չէ». Տիգրան Դավուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը

– Պարո՛ն Դավուդյան, Իրանի Իսլամական Հանրապետությունում սկիզբ առած բողոքի ակցիաները ի՞նչ փուլում են, արդյոք ճի՞շտ են այն պնդուները, թե այդ ակցիաները հրահրվում են դրսից:

– Նախորդ շաբաթների համեմատ ցույցերը մի քիչ պակասել են, բայց երեկ՝ դեկտեմբերի 7-ին, որը իրանական արեգակնային թվականի ազար ամսի 16-ն է, արդեն 69 տարի է՝ ինչ նշվում է որպես Ուսանողի օր, ընդդիմությունն այդ առումով եռօրյա մեծ հավաքներ, գործադուլներ և դասադուլներ էր կազմակերպել, ու, ըստ երևույթին, տարբեր քաղաքներում բավական ընդառաջել էին ու միացել էին այդ դասադուլներին ու գործադուլներին: Բողոքողների մի խումբը հիմնականում բարեփոխումներ է պահանջում, մյուսը՝ իշխանափոխություն:

Իրանում սոցիալական հարցերը շատ-շատ են, տնտեսական աճի անկում է նկատվում, բացի այդ, մարդկանց իրավունքներն են սահմանափակված՝ չկա խոսքի ազատություն, բազմակարծություն չկա, կուսակցությունների մասին օրենքը չի գործում:

Այս ամենին գումարած Իրանն ունի էթնոդավանական խմբերի խնդիր. հատկապես երեք մեծ սահմանամերձ նահանգներում՝ Պակիստանին սահմանակից Բելուջիստանում, Իրաքին սահմանակից Խուզիստանում, և  Քրդստանում, որը սահմանակից է թե՛ Իրաքին, թե՛ Թուրքիային, ապրում են իսլամ սուննիներ և ունեն որոշ խնդիրներ, օրինակ՝ իրենց մարզերում չկան գործարաններ, իրենք զրկված են աշխատելու հնարավորություններից, պահանջում են տարրական դպրոցում մայրենի լեզվով դասավանդելու հնարավորություն և այլն:

Այս ամենն առիթ է ստեղծում, որ աշխարհի սուննիական հայտնի երկրները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան կամ Պարսից ծոցի հարավի արաբական երկրները, միջամտեն Իրանի ներքին հարցերին, մի պատճառը սա է:

Երկրորդը՝ Իրանում շատ մեծ թիվ են կազմում թյուրքախոսները, որոնք դավանանքով շիա են, բայց նրանց մի մասն էլ ազդված է ադրբեջանա-թուրքական տանդեմի քարոզչությամբ, որ իրենց իրավունքները չեն պաշտպանվում:

Այսինքն՝ որ ասում եք արտաքին ուժեր, այո՛, դրանք մասամբ արաբական երկրներն են, որոնք ոչ բարյացակամ հարաբերություններ ունեն Իրանի հանդեպ, մասամբ ադրբեջանա-թուրքական տանդեմը, ու նաև կա Իսրայելի գործոնը, որը, բնական է, չի ուզում ուժեղ Իրան տեսնել, որովհետև դրանից իրեն ուղղված վտանգ է տեսնում: Արևմտյան երկրները Իրանի իշխանության տապալում չեն պահանջում, ուզում են Իրանում բարեփոխումներ լինեն, ու իրենք էլ դեմ են հզոր Իրանի գաղափարին:

– Ադրբեջանի գործադրած ջանքերը, որոնք տարբեր մակարդակներում կիրառվում են Իրանի դեմ, որոշակի արդյունքներ գրանցո՞ւմ են, թե՞ այդ ջանքերն ապարդյուն են:

– Հաջողությունն այն իմաստով է, որ ընդդիմության այդ ցույցերին մասնակցում են իրենց կողմնակիցները: Իրանական սփյուռքի ցույցերին էլ շատ են ակտիվացել հատկապես տարբեր էթնոսների ներկայացուցիչները:

Պարո՛ն Դավուդյան, իսկ Իրանն ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական կողմից հնչող՝ իր դեմ ուղղված հայտարարություններին:

– Իրանի պաշտոնական ղեկավարությունը հիմնականում չի ուզում ընթացք տալ այդ խոսակցություններին: Որքան ես եմ հետևում՝ արձագանք չեմ նկատել՝ ո՛չ Արցախ մտած Իրանի քաղաքացիների վերաբերյալ, ո՛չ էլ այլ հայտարարությունների: Պաշտոնական արձագանք չեմ նկատել, որովհետև հիմա նրանք այնքան խնդիրներ ունեն, որ դա այնքան էլ էական չէ իրենց համար:

Բողոքի ցույցերը, մյուս խնդիրները որքանո՞վ են վտանգավոր Իրանի իշխանության համար:

– Սուննի հոգևորականությունն առաջարկել է գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին, որ հանրաքվե անցկացվի, քանի որ Իրանի Սահմանադրությունը թույլ է տալիս որոշ հարցերի առնչությամբ հանրաքվե կազմակերպել, այս առաջարկին միացել են նաև մի խումբ շիա հոգևորականներ: Պահանջում են, որ հանրաքվե լինի, ու Սահմանադրության որոշ հոդվածներ վերանայվեն: Բայց Իրանի ղեկավարներն առայժմ մերժում են հանրաքվեի առաջարկը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունն իրենք չեն տեսնում:

Այսինքն՝ երկրի ղեկավարությունը մտավախություն չունի՞, որ այս ցույցերը կարող են ցնցումներ առաջացնել երկրի ներսում:

 – Ոչ միայն ղեկավարությունը մտահոգ չէ, այլ նաև այդ մասին է վկայում Իսրայելի հատուկ ծառայության բարձրաստիճան գեներալներից մեկը, որ այս ցույցերը չեն կարող սասանել իսլամական պետության հիմքերը, դեռ այդ կրիտիկական պահը չէ:

Պարո՛ն Դավուդյան, թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ զորավարժությունների վերաբերյալ ի՞նչ արձագանքներ, մեկնաբանություններ կան Իրանի պաշտոնական մակարդակում: Մտահոգված չե՞ն, որ զորավարժությունների անցկացման վայր է ընտրվել նաև Իրանի սահմանային հատվածը:

– Իրանի ղեկավարության կողմից այս մասով ևս դեռ որևէ արձագանք չեմ նկատել, իհարկե մամուլում գրում են, քննադատում են Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարներին, բայց պաշտոնական ոչինչ չկա: Հասկանալի է, որ զորավարժությունների նպատակը ուժի ցուցադրությունն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am