Իրանում տարբեր ժամանակներում եղել են բողոքի ակցիաներ, երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս, բայց իշխանությունը ցրել է դրանք». Տիգրան Դավուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը

– Պարո՛ն Դավուդյան, Իրանի ներքաղաքական կյանքում ի՞նչ իրավիճակ է, բողոքի ցույցերը մարեցի՞ն, թե՞ Շիրազի Շահ Չերահի դամբարանի մոտ տեղի ունեցած զինված հարձակումը դրա շարունակությունն է։

– Իրանի իսլամական հեղափոխությունն արդեն ունի 43 տարվա պատմություն։ Հեղափոխության ղեկավարներն իշխանության գլուխ անցնելուց հետո հայտարարեցին, որ իրենք անկախ քաղաքականություն են վարելու ու չեն հարի ո՛չ Արևելքին, ո՛չ Արևմուտքին։ Սկզբնական շրջանում իսկապես այդ քաղաքականություն էին վարում, հետո ամեն ինչ փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, ու իրենք նժարը թեքեցին դեպի Արևելք և սերտացրին հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի հետ։

Երկիրը ղեկավարում են կրոնապետները՝ կրոնական օրենքներով։ Հեղափոխության առաջին առաջնորդի՝ Խոմեյնիի մահից հետո առաջնորդ ընտրվեց պարոն Խամենեին, որն արդեն 33 տարի է՝ առաջնորդն է։ Աստիճանաբար առաջացան դժգոհության ալիքներ, որ պետք է երկրում ընտրություններ լինեն, որ այս ձևն այլևս չի համապատասխանում ներկա աշխարհի պահանջներին․ ինչպե՞ս կարող է երկիրը ղեկավարել կրոնապետն ու առանց ընտրությունների, թեկուզ ինքը «ընտրվում» է հոգևորականների կողմից, բայց այդ հոգևորականները հիմնականում 80-ն անց կրոնապետներ են, որոնք քաղաքակիրթ շատ հարցերից էլ կտրված են։

Իրանում տարբեր ժամանակներում եղել են տարաբովանդակ բողոքի ակցիաներ։ ԻԻՀ-ի Սահմանադրության 27-րդ հոդվածը թույլ է տալիս խաղաղ ցույցեր կազմակերպել, բայց իշխանությունները երբեք թույլ չեն տվել, որ անցկացվեն, ու միշտ էլ բիրտ միջոցներով ցույցերը ցրել են։

Վերջին ցույցերի հիմնական պատճառն էլ այն էր, որ սրանից 40 օր առաջ Իրանի քրդաբնակ շրջաններից մի օրիորդ՝ 22 տարեկան, որն այցելել էր մայրաքաղաք իր հարազատներին, գլխաշորը նորմալ չէր կրել՝ մազերը ծածկված չէին եղել։

Իրանը հիմա տարատեսակ ոստիկանություններ ունի, որոնցից մեկն էլ կոչվում է Բարոյականության ոստիկանություն։ Այս օրիորդին կալանում են և տանում են իրենց կենտրոն ու իբր թե դաստիարակում են։ Թե ինչ է կատարվում մինչև այդ ոստիկանական կետը կամ դրանից առաջ՝ հայտնի չէ, փաստ է, որ աղջիկը մահանում է։ Հիմա վեճ կա այդ օրիորդի մահվան վերաբերյալ։

Հետո ծայր առան ցույցերը, և արդեն 40 օր է՝ այդ ցույցերը տարածվել են դպրոցների, համալսարանների, գործարանների վրա։ Ցուցարարների մի խմբի պահանջն ամբողջությամբ Իսլամական պետության տապալումն ու աշխարհիկ կարգերի հաստատումն է, մյուս խմբի պահանջն էլ բարեփոխումներն են, նրանք կարծում են, որ այսպես այլևս անհնար է շարունակել։ Կանայք պետք է ազատ լինեն, ուսանողներն ազատ լինեն: Ի՞նչ է նշանակում՝ 21-րդ դարում բուհերի ճաշարանն անգամ առանձնացված լինի, ավտոբուսները, լսարանները կիսված են՝ տղաների ու աղջիկների համար առանձին։

Այդ պայթյունն էլ, որ ասում եք, ԴԱԻՇ իսլամական ծայրահեղական խմբավորում կա, որոնք սունիներ են ու դեմ են շիաներին։ Հաղորդվում է, որ նրանք են հարձակվել շիաների այդ մզկիթի վրա։ Շիաներն ու սունիները իսլամի դավանանքներն են․ Իրանի պաշտոնական կրոնը և դավանանքը իսլամն է՝ շիա մասնաճյուղով, բայց Իրանը ունի նաև մեծ թվով սունիներ։

Այս էթնիկ խմբավորումներն էլ ունեն իրենց պահանջները․ մի խումբը տեղական ինքնավարություն է ուզում, մյուսն էլ՝ ավելի լայն իրավասություններ։ Կան նաև ծայրահեղականներ, օրինակ՝ մի խումբ թյուրքախոս իրանցիները, որոնք Իրանի հյուսիսում են, միացյալ, ուզում են մեծ Ադրբեջան և միանալ Բաքվի հանրապետությանը ու մեծ երկիր կառուցել։

Այս բոլոր խնդիրներն անհանգստացնում են Իրանի կենտրոնական իշխանություններին։ Բացի այս, Իրանը մեծ ներկայություն ունի Սիրիայում, Իրաքում, արաբական տարբեր երկրներում ու այնտեղ անընդհատ խնդիրներ է ստեղծում, ինչի պատճառով էլ ունի նաև թշնամիներ: Իրանի հակառակորդների շարքում են թե՛ Իսրայելը, թե՛ Սաուդյան Արաբիան ու թե՛ Թուրքիան, Ադրբեջանը։

Տեղի ունեցած պայթյունը, իշխանություններն ասում են, որ ԴԱԻՇ խմբավորման պատճառով է եղել, ընդդիմությունն էլ փորձում է ներկայացնել, որ սա իշխանությունների կողմից խաղ է, որպեսզի կարողանան ցույցերը սաստել։

– Իսկ իշխանությունը կկարողանա՞ այդ բոլոր բողոքի ալիքների դեմն առնել, որպեսզի երկրում ներքին կայունությունը պահպանի։

– Իշխանությունների մեջ էլ կան շատ լուսամետ տարրեր, որոնք ևս բարեփոխումներ են ուզում, սակայն խնդիր ունեն իրենց կրոնապետների հետ։ Իրանում տասնյակ միմյանց խանգարող զուգահեռ խորհուրդներ կան․ գոյություն ունի Բանիմացների ժողով, Վարչակարգի շահերի պաշտպանության ժողով, Սահմանադրության պահպանման խորհուրդ, բայց սրանք ղեկավարվում են ծերուկ կրոնապետների կողմից, ու սրանք են երկրի ճակատագիրը որոշում, բայց բարեփոխումների պահանջ կա։ Ոման էլ մտահոգված են, քանի որ պարոն Խամենեին առաջացած տարիքում է, ու եթե նա մահանա, ի՞նչ է լինելու, երկիրը նորի՞ց ընտրելու է առաջնորդ, որը հանրության կարծիքը չի ընդունելու։

Իհարկե, Իրանն ունի նաև նախագահ, բայց նա, կոպիտ ասած, խամաճիկ է, որովհետև սահմանափակ լիազորություններ ունի, կարևորագույն որոշումները կայացնում է կրոնական առաջնորդը, ոչ թե նախագահը։ Նախընտրում են այդ զուգահեռ կառույցները վերացնել, ու երկիրն ունենա նախագահ, վարչապետ, խորհրդարան ու ղեկավարվի քաղաքակիրթ ձևով, կրոնն էլ չմիջամտի պետության գործերին։

Այսինքն՝ երաշխավորված չէ՞, որ կկարողանան ներքին կայունությունը պահպանել, պարո՛ն Դավուդյան։

– Չեմ կարծում, որ մեծ խնդիր կառաջանա։ Իսլամական պետության իշխանական մամուլն այնպես է ներկայացնում, որ այս ամենը Արևմուտքի խաղն է, բայց, իմ կարծիքով, հավաքական Արևմուտքը Իրանի պետության տապալումը չի ցանկանում, իրենք բարեփոխումներ են ցանկանում։

ԱՄՆ-ն ունի Իրաքի վատ փորձը, Լիբիայի վատ փորձը, որտեղ իր օգնությամբ իշխանությունները տապալվեցին, բայց այդ երկրների հարցերը չլուծվեցին, ընդհակառակը։

Արևմուտքը սա քաջ գիտակցելով՝ Իրանի տապալում չի ցանկանում, այլ բարեփոխում է ուզում։ Հետո՝ Արևմուտքն այս օրերին այնքան խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, նավթի, գազի հետ կապված, որոնք մասամբ ուզում է Իրանի օգնությամբ լուծել, որովհետև եթե կարողանան Իրանի միջուկային նկրտումների ծրագրի բանակցությունները հաջողեցնել, և համաձայնագիրը ստորագրեն, թույլ կտան, որ Իրանը վերսկսի վաճառել իր նավթը, որովհետև ինքը հիմա պատժամիջոցների տակ է։ Իսկ եթե նավթը վաճառի, դա օգուտ կլինի Ամերիկային ու Եվրոպային, որովհետև դեմ կլինի Ռուսաստանին, ու նավթի գինն էլ կնվազի աշխարհում։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը շատ լավ ձևով պաշտպանում է Իրանին ու չի ուզում այդ համաձայնագիրը կնքվի, փորձում է անընդհատ դա ձգձգել։

Իրանի օգտին էլ է, որ առայժմ պայմանագիր չկնքի Արևմուտքի հետ, քանի որ մտածում է, որ ինչքան ձմեռը մոտենա, կկարողանա ավելի թանկ վաճառել, մյուս կողմից էլ՝ նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, ու այդ բանակցությունները հիմա սառեցված են։

Մտահոգություն կա, որ այդ ընտրություններում հանրապետականները կհաղթեն, եթե նրանք հաղթեն՝ Բայդենին ավելի նեղը կգցեն ու չեն թողնի, որ ինքը շատ զիջումների գնա Իրանի հանդեպ, որովհետև փորձագետները կարծում են, որ Բայդենի վարչակարգը զիջումներ է կատարում Իրանի հանդեպ։

Իրանի դիրքորոշումը մեր տարածաշրջանում կատարվող իրադարձություններին արդեն ակնհայտ է, բայց, ձեր դիտարկմամբ, Իրանը մինչև վերջ այդ դիրքորոշմանը հավատարիմ կմնա՞։ Արդյոք կդիմի՞ ռազմական գործողությունների, եթե ադրբեջանական կողմը փորձի ռազմական ճանապարհով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

– Պարզ է, որ մինչև 2020 թվականի պատերազմը Իրանն ավելի հանգիստ էր, քանի որ իր ազերիական շրջանների կապը կտրվել էր Արաքսի հյուսիսի թյուրքախոս հանրապետությունների՝ Ադրբեջանի, Նախիջևանի, Թուրքիայի հետ, բայց 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո Իրանի մտահոգությունները շատացան։

Հիմա այս միջանցքի հարցն ավելի է մտահոգել Իրանին, ու իրենք բազմիցս են հայտարարել, որ տարածաշրջանային երկրների սահմանների կայունությունը կարմիր գիծ է իրենց համար։ Դրա համար էլ զորավարժություններ ու նման կոշտ հայտարարություններ են անում, Կապանում հյուպատոսության հիմնումն էլ զսպող, զգաստացնող դեր ունի Թուրքիայի ու Ադրբեջանի համար։

Բայց Իրանի ռազմական ներխուժում ես չեմ պատկերացնում, նա կմնա կտրուկ հայտարարությունների մակարդակում, որոնք, ակնհայտ է, ազդում են Թուրքիայի ու Ադրբեջանի վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am