Պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն. Արթուր Վանեցյան

Երեկվանից Ազատության հրապարակում ա բողոքի անժամկետ ակցիա հայտարարած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել։

«Պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,-ճեպազրույցում հայտարարել է Վանեցյանը, որը մի խումբ համակիրների հետ նրանք գիշերել է Ազատության հրապարակում։

Երեկ բաղաքի ակցիայի մեկնարկին տարածած հայտարարության մեջ «Հայրենիք» կուսակցությունը նշել էր, որ իրենք տուն չեն գնալու մինչև չհասնեն իրենց նպատակին։

«Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։Մեզ համար չկան բաժանարար գծեր։

Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։

Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար»: