«Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի. պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք». Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, երեկ խորհրդարանական լսումներ էին «Հանրակրթության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որին մասնակցում էիք նաև դուք։ Արդյունավետ համարո՞ւմ եք ու ինչպե՞ս կգնահատեք լսումների ընթացքը։

– Ամենաշատը չեմ սիրում գնահատողի դերում լինել: Աշխատում եմ աջակցողի դիրք ունենալ մշտապես, եթե կարող եմ, ես ու իմ կրթահամալիրը ինչ-որ բանով նպաստել Հայաստանում, հատկապես, հանրային կրթության ոլորտում կատարվող փոփոխություններին։

-Ոլորտին վերաբերող թերությունները, առկա բացթղումները, որոնց մասին խոսեց նաև պատասխանատու գերատեսչության փոխնախարարը․․․

– Գիտե՞ք՝ երկու իրականություն կա․ հայաստանյան իրականությունը տեսաք՝ տվյալ դեպքում դպրոցների տնօրենները, ուսուցչական աշխատանքը, մարդիկ ուզում են կտրել իրականությունից, անունը դնել առաքելություն, նվիրում: Բայց մոտ 35 հազար մարդու համար, նկատի ունեմ՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների ճնշող մեծամասնության համար, այն սովորական աշխատանք է, իսկ աշխատանքը հարկավոր է, որ լինի գրավիչ ու արժանապատիվ՝ վարձատրության առումով, վճար, որով կարելի է առանց ստորացված զգալու քո մասնագիտությամբ ապրել։

Իսկ դպրոցներից շատերում սահմանված միջին 108 հազար դրամ աշխատավարձն անգամ չի պահպանվում, ու անգամ նախարարությունը չի հերքում, որ ուսուցիչների մեծ պակաս կա։ Մյուս հարցերն արդեն վերաբերում են բուն աշխատանքին՝ ստեղծագործակա՞ն է, թե՞ ստեղծագործական չէ։

Իրականությունը սա է․ ինչպե՞ս աշխատանքը դարձնել գրավիչ և արժանապատիվ վարձատրվող։

– Առկա իրականությունը փոխելու հնարավորություններ կա՞ն, պարո՛ն Բլեյան։

– Այդ իրականությունը փոխելու հնարավորությունը 2022 թվականի բյուջեն է, իսկ այդտեղ կա՞ այդպիսի փոփոխություն, աշխատավարձի իրական բարձրացում, ո՛չ։ Այդ բյուջեն արդեն հաստատված է, այդ դեպքում կխոսենք մյուս տարի, երբ կլինի բյուջեի նոր նախագիծ, որում սահմանված կլինի կոնկրետ գումարը՝ միտված այդ փոփոխություններին։

– Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ որակյալ կրթության համար անհրաժեշտ է կրթական համակարգի պատշաճ ֆինանսավորում։

– Ես այնքան դժվար եմ օգտագործում «որակյալ» եզրույթը, որովհետև հիմա եթե 20-30 մարդու հարցնենք՝ ի՞նչ է որակյալ կրթությունը, չեմ կարծում, թե տրված պատասխանները միմյանց մոտ լինեն, ու հնարավոր լինի գալ ընդհանուր հայտարարի։

– Լավ, որակյալ չասենք, ժամանակակից կրթության, գրագետ սերունդ ունենալու համար ի՞նչ է անհրաժեշտ։

– Եթե նկատի ունենանք, որ ամեն ինչ կախված է ուսուցիչների համախմբումից, ապա պետք է նրանք կարողանան ստեղծել այն հավեսի, ցանկության միջավայրը, որ սովորողը ներգրավվի այդ գործունեությանը։

Մեր կրթահամալիրում ամիսներ առաջ Ժիրայր Չոլակյանը, որն առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է և ապրում ու ստեղծագործում է Փարիզում, հիմնադրեց արևմտահայերենի աշխատարան ու պատանիների մի խմբի հետ բեմադրություն արեց։ Երկու տասնյակի չափ պատանիներ տասը օր երանության, ստեղծագործական ակտիվ գործընթացի մեջ էին, արևմտահայերենով բեմադրություն էին նախապատրաստում։

Որ ասում եմ հավես միջավայր, սա նկատի ունեմ, նման միջոցառումները ոգևորում են ոչ միայն սովորողներին, այլ նաև ուսուցիչներին, ծնողներին։ Դուք որ ասում եք գրագետ և այլն, ես էլի կդժվարանամ այդ սահմանումները տալ, որովհետև կարող է մարդուն տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի, ինչպես հաճախ լինում է, երբ դպրոցն ավարտելուց հետո ո՛չ ուզում են կարդալ, ո՛չ գրել։ Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։

– Պարո՛ն Բլեյան, ինչո՞ւ ձեր կրթահամալիրի փորձը չի կիրառվում պետական մյուս դպրոցներում։

– Պետք է լինեն այդ հավեսի մարդիկ, որոնք ունեն մտքեր, գաղափարներ, այդ մարդկանց, ինչպես ասում են, պետք է էստի համեցեք անել, ոչ թե վախեցնել մրցույթներով, հավաստագրերով և այլնով։ Պետք է գտնել այդ մարդկանց, ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան իրենց տաղանդը, նորարարական մտքերն իրացնել մանկավարժության մեջ։

Դպրոցներում, որտեղ կան այդ ընդունակ մարդիկ, խմբերը, ստեղծել փոփոխությունների իրական միջավայր, ոչ թե պատրաստի լուծումներ տալ ու ասել՝ պետք է այսպես արվի, ո՛չ, փոփոխությունները, այս առումով, պետք է ներքևից գան։

Երրորդ՝ պետք է կենտրոնանալ իրական խնդիրների ու դրանց լուծումները գտնելու վրա, իսկ ուսուցիչների տարակարգի, որակավորման ու այդ կարգի հարցերը ոնց որ ուրիշ Հայաստանի վերաբերեն, որովհետև երբ դու ասում ես, որ ունես ուսուցիչների մեծ պակաս ու հետո արձանագրում, որ Մանկավարժական համալսարանի բնագիտական ֆակուլտետների առաջին և չորրորդ կուրսերում ընդամենը մեկ տասնյակ ուսանող կա, այսինքն՝ համալրում էլ չի գալիս, այդ որակավորում, մրցույթներ անցկացնելը չեն հասկացվում՝ ում համար են։ Պետք է առանձնացնել՝ ո՛ր հարցերն են առաջնահերթ, որո՛նք՝ ոչ։

– ԿԳՄՍ նախարարության նախատեսած փոփոխություններով կհաջողվի՞ շոշափելի արդյունք ունենալ հանրակրթության ոլորտում, թե՞ ոչ։

– Ոլորտում փոփոխություններ արձանագրելու համար այնքան բազմակողմանի աշխատանքներ են անհրաժեշտ, որոնք հիմնականում մարդկային գործոններով են պայմանավորված, իսկ մարդն այդքան արագ փոխվող չէ, բայց կարելի է ճիշտ ընտրել փոփոխությունների ուղղություննները, հիմնական թիրախները։

Հարցը միայն հանրակրթությանը չի վերաբերում, որովհետև հանրակրթությունը հասարակությունն է՝ ծնողները, ուսուցիչները, սովորողները, որոնք կապված են իրար հետ։ Հանրակրթությունը պետք է միայն այդ պետական ծրագրի հետ չկապել, կան լրացուցիչ կրթության կենտրոններ, ինքնակրթության հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել։

Պետք է ուսումնական ծրագիրը անհատականացվի, որ սովորողը կարողանա այդ ժամանակն օգտագործել, սովորելը չպետք է պայմանավորել միայն դպրոցով, շատերիս հաջողությունները միայն դպրոցով չեն պայմանավորված։

Փոփոխությունները պետք է կառուցվեն սովորողի հետաքրքրությունների վրա․ աղբյուրը կառուցում են այնտեղ, որտեղ ջուր կա, եթե ջուր չկա՝ ինչ ուզում ես արա, այդտեղից ջուր չի գա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am