Էկոանձեռոցիկներ՝ աուտիզմ ունեցող երեխաների կողմից. Երբ արտակարգ իրավիճակին համադրվում են թերապիան, ձեռներեցությունը և ստեղծարար միտքը

Աուտիզմ ունեցող երեխայի ծնողներ Լենա Հարությունյանը և իր ամուսինը կորոնավիրուսի ժամանակ 1․5 ամիս տանը նստելուց հետո որոշել են ստեղծել ձեռնարկություն, որը կապահովի իրենց տղայի և աուտիզմ ունեցող մյուս երեխաների համար զբաղվածություն, կլինի նրանց համար թերապիա և նոր հմտությունների զարգացման հնարավորություն։

Լենա Հարությունյանը և իր ամուսինը՝ Լևոն Թոփալյանը, արդեն 5 տարի է՝ հիմնադրել և ղեկավարում են աուտիզմ ունեցող երեխաների զարգացմանն ուղղված «TMM, Սովորեցրու ինձ ավելին, ուսուցման և զարգացման կենտրոնը», իսկ արտադրամաս ստեղծելու գաղափարը վերջին տարում է ծագել, կորոնավիրուսի ժամանակ՝ կյանքի կոչվել։

«Մեր երեխան որ դարձավ արդեն 10-11 տարեկան, մենք արդեն մտածում էինք՝ մինչև ե՞րբ պետք է երեխայի հետ թերապիաներ անենք, այսինքն՝ գալու է մի պահ, որ այդ թերապիաներն էլ չենք անելու, ի՞նչ է անելու մեր երեխան։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձը, տեսել էինք դրսում, որ աուտիզմ ունեցող երեխաները կարող են ընդգրկվել արտադրական ծրագրերի մեջ: Արդեն մտածում էինք ինչ-որ մի արտադրություն ստեղծելու մասին, բայց ի՞նչ՝ չէինք պատկերացնում»,- «Մեդիալաբին» պատմում է Հարությունյանը։

Լենա Հարությունյանն ասում է, որ երկար ժամանակ որոնումների մեջ են եղել, գնացել են տաբեր արտադրամասեր՝ ուսումնասիրելու, բայց պետք է նախաձեռնեին մի արտադրություն, որն անվտանգ կլիներ երեխաների համար, և երեխաների ներգրավվածությունը հնարավոր լիներ։

«Ով ինչ փնտրում է՝ գտնում է։ COVID-ի ժամանակ 1․5 ամիս չէինք աշխատում, տանը նստեցինք, էդ ժամանակ, հիշում եք՝ մարդիկ շատ էին խանութներից սննդի հետ թղթեր կրում, զուգարանի թուղթ։ Որոշեցինք, որ արտադրությունը կարող է թղթի հետ կապված լինել: Մեր տղան շատ է Յութուբում նայում պահեստներ, գործարաններ, ու շատ պատահական տեսանք, թե ինչպես են թուղթը արտադրում, ու ինչպես է դա դառնում շատ պիտանի բան՝ անձեռոցիկներ, որոշեցինք էդ ուղղությամբ զարգացնել»,- ասում է Լենա Հարությունյանը։

Կարճ ժամանակ անց Լևոն Թոփալյանն սկսում է անձեռոցիկների տուփի դիզայնը, մակետը պատրաստել։

Լենա Հարությունյանը և ամուսինը՝ Լևոն Թոփալյանը

«Երբ ամուսինս մակետը սարքում էր, հասկացանք, որ երեխաները մոտորիկայի խնդիր ունեն, ու դա շատ զգույշ աշխատանք է, որ չփչացնեն, որովհետև վաճառքի պետք է գնա։ Ամեն ինչի մասին սկսեցինք մտածել, շատ կրեատիվ մի բան ստացվեց, երեխաները ամեն ինչ հավաքում են ձեռքով։ Այս ամեն ինչը էկոանձեռոցիկ է, էկոտուփեր են, սոսինձ չենք օգտագործում, նորամուծություն է ամբողջ աշխարհում, փազլ է հավաքվում, փաթեթավորումը փազլի տեսքով է, երեխաների լոգոն հենց խճանկարն է, ամբողջությամբ խճանկար է հավաքվում իրենց ձեռքով»,- նկարագրում է Լենա Հարությունյանը։

Նշում է, որ 10 դեռահասային տարիքի երեխաներ են ընդգրկվել արտադրական ծրագրի մեջ, սովորելու են այնքան, մինչև լրիվ ինքնուրույն դառնան ու անցնեն աշխատանքի։ 

Երեխաների հետ աշխատում են հոգեբան և հատուկ մանկավարժ, էրգոթերապիստ։ Երեխաների ծնողներից ևս ներգրավվել են աշխատանքներում՝ վճարովի հիմունքներով։ Անձեռոցիկների վաճառքով ապահովում են բոլոր ծախսերը՝ մասնագետներին են վճարում, հաշվապահին, առաքիչին և այլն։

Հարությունյանը նշում է, որ երեխաներին դուր է գալիս փաթեթավորումը: 

«Քանակ են ստեղծում, իրենց դուր է գալիս այդ ամենը, իրենք ուզում են անպայման վերջացնել, նոր տուն գնալ։ Այս ամենը ոչ միայն օգնում է զբաղվածություն ապահովելու, վաճառք իրականացնելու, այլև օգնում է, որ երեխաների ուշադրությունը կենտրոնանա, ձեռքի մոտորիկան զարգանա, տարածական կողմնորոշման համար, վարքը հանգիստ լինի՝ նստած աշխատեն, խմբային աշխատանք անեն, ընկերների հետ լինեն։ Սովորելուց հետո, որ լրիվ ինքնուրույն դառնան, կանցնեն աշխատանքի»,- ընդգծում է Լենա Հարությունյանը։

Հարությունյանը պատմում է, որ հատկապես սկզբում անձեռոցիկները խանութներում վաճառքի հանելը դժվարություններ է ստեղծել, շատերի կողմից մերժում են ստացել, սակայն կանգ չեն առել․

«Շատերի համար մի փոքր դժվար է ընկալել, որ հաշմանդամություն ունեցող երեխեքի ձեռքից առնեն, կամ մտածում էին՝ էդ իրենք ինչ պետք է անեն, որ իրենք գնեն: Մի քիչ դժվարություններ ունեինք այդ ինֆորմացիան տարածելու, ուղղակի ցրում էինք, իսկ շատերը ոգևորվում էին, կլինիկաները ոգևորվեցին, ատամնաբուժարանները։ 

Մեծ խանութներում հիմնականում մեր անձնական կապերով դիմեցինք, մի քանի տեղից մերժվեցինք, գործի դրեցինք Ֆեյսբուքը, ներկայացնելով, որ սոցիալական ձեռնարկություն է, մեզ էին միանում ընկերներ և սոցիալական գովազդ էին նկարում»,- պատմում է Հարությունյանը։

https://www.facebook.com/napkinproduction/videos/2900421446725655

Լենան ուրախությամբ նշում է, որ մայիսի 1-ին ստեղծվել է արտադրամասը և, չնայած դժվարություններին՝ գրանցել անսպասելի հաջողություն։ 

«Մայիսի 1-ին գրանցվեցինք, 3000-ից ավելի վաճառք իրականացրեցինք մի ամսում, մինչև հիմա կրկնապատիկ, քառապատիկ վաճառք ենք անում»,- ուրախությամբ ասում է Հարությունյանը։

Անձեռոցիկների արժեքը սկսվում է 80 դրամից (գրպանի անձեռոցիկ) մինչև 250, 300 դրամ։ Անձեռոցիկները արդեն հասանելի են Երևանի տարբեր մեծ ու փոքր խանութներում, ինչպես նաև մարզերում։

Լենա Հարությունյանը անձեռոցիկների արտադրամասը ստեղծելուց հետո որոշել է այս ոլորտում գիտելիքները զարգացնել և մասնակցում է սոցիալական ձեռներեցության դասընթացի։

«Մենք արդեն ստեղծել էինք արտադրամասը, բայց ես չգիտեի, որ դա անուն ունի՝ սոցիալական ձեռնարկություն, մեր երկիրը նույնիսկ մինչև հիմա չի ապահովել նման բան այդ երեխաների համար»,- ասում է Հարությունյանը։

Լենան վստահ է, որ նպատակին հասնելու համար նախ պետք է հավատալ, բայց միաժամանակ քայլեր ձեռնարկել դրա համար։

«Պետք է ինքնակրթվես, նպատակ ունենաս ու փոքր քայլերով հասնես այդ նպատակին։ Այն, ինչ արել ենք, երկար պատմություն ունի, միանգամից ոչինչ չի ստեղծվում։ Դու ենթագիտակցորեն ելքեր ես փնտրում՝ ինչպես դուրս գալ այդ ամեն ինչից, ու պետք է գնաս։ Անորոշությունը, մեր երեխայի հետ կապված մոտիվացիան բերեցին դրան, անընդհատ դու պետք է որոնես, որ գտնես, հենց այնպես չես կարող գտնել»,- ասում է Հարությունյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am