Էրդողանը Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով.Կարո Փայլան.Factor

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածածած հաղորդագրության համաձայն՝ «կառուցողական մթնոլորտում կայացած» առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- նշված է հաղորդագրությունում։

Factor.am-ը հանդիպումից եղած ակնկալիքների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի հնարավոր արդյունքների մասին զրուցել է Թուրքիայի Մեջլիսի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հետ։

-Պարո՛ն Փայլան, երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի մեկնարկն է։ Ի՞նչ սպասել վերջին հանդիպումից և ընդհանրապես այս գործընթացից։

-Երեկ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ այս գործընթացն ամբողջովին ուղղված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Դա այն էր, ինչ ես ակնկալում էի։ Ես անհամբերությամբ սպասում եմ այս գործընթացի դրական արդյունքներին, քանի որ երկու կողմերն էլ դա ցանկանում են։

Թուրքիայում բոլոր քաղաքական կուսակցություններն աջակցում են այս գործընթացին, նրանք բոլորը հավանություն են տալիս այդ գաղափարին, որովհետև այս կարգավորման գործընթացը նշանակում է միայն հարաբերությունների կարգավորում։ Ես կարող եմ օրինակ բերել․ Թուրքիան և Հունաստանն ունեն մի շարք խնդիրներ, բայց նրանց միջև սահմանները բաց են, նրանք ունեն միմյանց երկրներում դեսպաններ, ուղիղ առևտուր են անում իրար հետ և ունեն ուղիղ թռիչքներ։

Այնպես որ՝ ես դրական եմ տրամադրված այս գործընթացին։ Կարծում եմ, որ այն պետք է ունենա ճանապարհային քարտեզ։ Չեմ կարծում, որ երեկ հատուկ ներկայացուցիչները խոսել են դրա մասին։ Այն առավել շատ հանդիպում էր միմյանց ճանաչելու համար։ Կարծում եմ, որ արդեն առաջիկա հանդիպումներին նրանք կուսումնասիրեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։

-Ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողութուն կունենա։ Նախորդ երեք փորձերը ձախողվել են։ Ի՞նչը կարող է հիմա դրական արդյունքներ տալ։

-Կարծում եմ՝ բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը դասեր են քաղել 2020 թվականի պատերազմից։ Նրանք բոլորն էլ տեսան, որ այս չվերջացող պատերազմում բոլորն էլ պարտված են, միայն Ռուսաստանը ստացավ լծակներ  դրանից։ Թուրքիան չստացավ Հարավային Կովկասում այն, ինչ ակնկալում էր։ Թուրքիան երեք տարի առաջ ագրեսիվ փորձեր էր անում Էգեյան ծովում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում։

Հիմա Թուրքիան ցանկանում է փոխել իր արտաքին քաղաքականությունը, տեսավ, որ ոչինչ չկարողացավ ստանալ այդ ագրեսիվ քաղաքականության արդյունքում։ Այստեղի բոլոր քաղաքական կուսակցություններն էլ տեսան, որ մենք պետք է ունենանք հաշտեցման գործընթաց կամ ինչ-որ ճանապարհայն քարտեզ մեր քաղաքականության մասին Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաներում։

Եվ ամենահեշտ ճանապարհը Հարավային Կովկասում հաշտեցման գործընթաց սկսելն է, իսկ դա նշանակում է հարաբերությունների կարգավորում։ Էրդողանը կարիք ունի նման մի լավ վերջաբանով պատմության։ Նա ընկալվում է որպես բռնապետ և որպես մեկը, որը չի կարող խաղաղություն բերել։

Կարծում եմ՝ նա ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ կարող է մտածել խաղաղության մասին։ Նա տեսավ, որ Հարավային Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով։

Ավելին՝ factor.am-ում: