Ցավալի է արձանագրել այդ փաստը, որ քաղաքական շահերն այս պահին ավելի դոմինանտ են դառնում, քան մարդու իրավունքները․ Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հրետակոծվում են նաև բնակավայրերը և բնակիչները, խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում կան սպանվածներ, աշխարհը կարծես ականատես է լինում հումանիտար աղետի և դրա դեմ գործնական քայլեր չի ձեռնարկում, ինչո՞ւ։

– Իրականում ցավալի է արձանագրել այդ փաստը, որ քաղաքական նպատակահարմարությունները, տարբեր երկրների քաղաքական շահերը այս պահին ավելի կարևոր կամ դոմինանտ են դառնում, քան մարդու իրավունքները, մարդու իրավունքներից բխած բոլոր կարգավորումները։

Կարծես թե աշխարհը շարժվում էր այդ ուղղությամբ, որ մարդու իրավունքները գերակա էին դիտարկվում, ցանկացած երկրում մարդու իրավունքները պետք է առաջնային դիտարկվեին, բայց այսօր ականատեսն ենք այդ կոնցեպտի տապալման, ինչը բավական ցավալի հանգամանք է, որովհետև մարդու իրավունքների սկզբունքները և այդ սկզբունքներով առաջնորդվելը համաշխարհային քաղաքակրթության այն կարևորագույն առաջընթացն էին, այն կարևորագույն միջազգային մոտեցումն էին, որ կարող էին կանխարգելել բոլոր տիպի հակամարտությունները, փորձել չափավորել հակամարտություններում առկա ագրեսիաները։

Միջազգային այդ գործիքները ստեղծված էին, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ չեն գործում, և դա ամենամեծ աղետն է ոչ միայն այս տարածաշրջանի համար, այլև համաշխարհային հանրության։ Մարդու իրավունքները համընդհանուր են, բայց այսօր մենք տեսնում ենք այդ համընդհանրության բավական լուրջ խեղում։ Որովհետև շատ հաճախ տեսնում ենք, որ որոշ երկրների քաղաքացիներ գերակա են դառնում, և նրանց իրավունքներն ավելի առաջնահերթ են, քան այն երկրների և պետությունների քաղաքացիների, որոնք միգուցե որպես առաջնային չեն դիտարկվում։

– Ըստ ՄԻՊ ամփոփագրի, 61 դպրոց և առնվազն 10 մանկապարտեզ են հայտնվել հակառակորդի նշանակետի տակ։ Արցախի հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։ Մի կողմից տեսնում ենք, որ միջազգային կազմակերպությունները չեն շտապում հայտարարություն անել, խոսել տեղահանված երեխաների, նրանց կրթության և կյանքի իրավունքի մասին, ինչո՞ւ։

– Այո՛, բազմաթիվ իրավունքներից են զրկվել, կյանքի իրավունքի լրջագույն ոտնահարումներ տեսանք, տեսանք ապահով միջավայրում ապրելու, կենսական կարևորագույն խնդիրները ապահովելու ոտնահարումներ: Մենք գիտենք, որ այժմ ամբողջ հանրությունը զբաղված է Արցախից տեղահանված բնակչության սոցիալական կարիքների ապահովմամբ, առողջապահության ապահովմամբ։ Մենք 40 օրվա ընթացքում ունենք կրթության իրավունքի տոտալ տապալում, և միջազգային հանրությունը դրանով ևս պետք է մտահոգված լիներ և շուտափույթ փորձեր ուղղել այդ։

Նույնիսկ կյանքի իրավունքի և հիմնարար իրավունքների խախտման պարագայում մենք չունեցանք համարժեք գնահատական և համարժեք քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեին: Ցանկացած իրավունքի խախտում պետք է իր հետևից բերի հետևանք բռնարար կողմի, բռնություն գործադրող կողմի նկատմամբ, իսկ մենք տեսնում ենք տոտալ անտարբերություն, իսկ շատ հաճախ տեսնում ենք ոչ միայն կողմերի միջև հավասարություն դնելու փորձ, այլ նաև՝ անտարբերություն հենց հայերի նկատմամբ։

Քաղաքական նպատակահարմարությունները և քաղաքական շահերը անտեսում են մարդու իրավունքները և դիտարկում են որպես ստորադաս և, գուցե, նպատակահարմարությունից ելնելով, չեն ուզում այդ գործիքներին դիմել։

– Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք նաև, որ ադրբեջանական կողմում աշխատող նույն միջազգային կառույցները բավականին ակտիվ են։ Որպես իրավապաշտպան՝ այս երկակի ստանդարտները ձեզ մոտ հիասթափություն չե՞ն առաջացրել։

– Հիասթափություն չեն կարող առաջացնել, որովհետև արժեքները, միևնույն է՝ կարևոր են, և անկախ նրանից, կպահպանվե՞ն, թե՞ ոչ, մենք դիտարկում ենք, որ այդ արժեքներն են, որ մարդկությանը առաջ կտանեն։ Բայց քաղաքական շահերը և նպատահարմարությունները, որ անտեսում են մարդու իրավունքները, բավական լուրջ խնդիր են առաջացնելու։

– Դուք ևս ներգրավվել եք Արցախից Հայաստան եկած մարդկանց օգնություն տրամադրելու գործում։ Ի՞նչ աջակցության կարիք ունեն հակամարտության հետևանքով տուժած ընտանիքները։

– Պատկերացրեք՝ մարդիկ դուրս են եկել իրենց տներից և ուղղակի մազապուրծ են եղել այդ ռմբակոծությունների տակ, հասել են Հայաստանի տարբեր տարածքներ, ունեն բավական լուրջ սոցիալական և հոգեբանական խնդիրներ, առողջական խնդիրներ, որոնք պետք է արագորեն լուծվեին: Առաջին առնվազն երեք շաբաթների ընթացքում պետությունն իր համակարգով չէր արձագանքել այդ խնդիրներին, և հանրությունն էր այդ բեռը ստանձնել: Այժմ շատ կարևոր է հոգեբանական աջակցության պահը, որովհետև մարդիկ բավական սթրեսային վիճակում են հասել Հայաստան և ապագայի նկատմամբ անվստահությունը ոչ միայն խորացնում է սթրեսը, այլև արդեն վտանգավոր սահմանագծի է հասցնում, ես կարծում եմ, որ հոգեբանական պահը հույժ կարևոր է։

– Ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրվածությունը: Ըստ պաշտոնական տվյալների` Արցախից տեղահանվել է շուրջ 90 հազար մարդ։ Այսօր այն շրջանակներում, որում դուք եք աշխատում, ի՞նչն է ամենամեծ խնդիրը։

– Հիմնականում ապագային հանդեպ անվստահությունն է, բնականաբար ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրեր, իրենց տներ, բայց մենք դեռևս հստակ չգիտենք, թե ե՛րբ այս ամենը կավարտվի, և ի՛նչ վիճակում նրանք կստանան իրենց բնավայրերը, արդյոք հնարավոր կլինի՞ ապրել: Ապագայի նկատմամբ խիստ մշուշոտ, անորոշ վիճակը, և ամենակարևորը՝ զուտ սթրեսային վիճակը, թե պատերազմ իրենց ի՞նչ անակնկալի է բերել:

Բոլորի ընտանիքների կեսը գտնվում է սահմանագծին, ամեն օր սպասում են նրանց առողջական վիճակի և նույնիսկ մահվան, կորստյան մասին լուրեր, դա ևս մարդկանց խեղում և հյուծում է։

– Լավատեսություն կա՞։ Սոցիալական ցանցերում պատերազմի առաջին օրից շրջանառության մեջ դրվեց «Հաղթելու ենք» ոգեշնչող խոսքը, սոցիալական ցանցերից դուրս, երբ շփվում եք տեղահանված, տները լքած մարդկանց հետ, ո՞րն է խոսակցության հիմնական թեման։

– Խաղաղությունն է հիմնական թեման, թե երբ է խաղաղություն հաստատվելու, որպեսզի մարդիկ անցնեն իրենց բնականոն կենսագործունեությանը։ Ամենակարևորը՝ մարդկանց մեջ չկա չարություն, չկա նախատրամադրվածություն, փորձում են պատկերացնել իրենց հետագա կյանքը, դա շատ կարևոր է, որ հույս կարող է ներշնչել։ Կենսական խնդիրների շուրջ է լինում խոսակցությունը, թե ինչպես այս խնդիրը կարողանան լուծել և այլն։

Եվ անընդհատ նրանք կրկնում են, որ վերադառնալու են։ Եվ շատ շնորհակալ են, որ Հայաստանում մերոնք շատ ջերմ են ընդունում, փորձում են բոլորի կարիքները հոգալ, լուծել, և դա հիմնականում կատարվում է հորիզոնական մակարդակով: Հասարակությունը փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտում փորձում է լուծել Արցախից տեղափոխվածների բոլոր խնդիրները։

– Պատերազմը միավորել է հասարակությանը, Սփյուռքը և Հայաստանը համախմբել են ջանքերը, ով ինչ կարողանում՝ անում է։ Սակայն բոլորը լարված են, մի կողմից պատերազմը, մյուս կողմից՝ կորոնավիրուսի պատերազմը։ Այս իրավիճակում ի՞նչը կփրկի ու կօգնի առաջ նայել։

– Ինձ համար միշտ հասարակությունը կառուցված է եղել երեք հիմնաքարերի վրա՝ հոգատարություն, փոխօգնություն և սեր։ Այդ երեք ոտքերը, որի վրա կանգնած կլինի հասարակությունը, կհաղթահարի այս բազմակողմանի ճգնաժամը, միայն պատերազմը չէ, այստեղ նաև համավարակն է, միջազգային հանրության անտարբերությունն է, հոգեբանական տարբեր խնդիրներն են: Այդ ամբողջը հաղթահարելի է միայն այդ երեք հիմնասյուների վրա հենվելով, և ես կարծում եմ, որ մենք բավարար ներուժ ունենք, որ այդ երեք ամուր սյուները կարողանանք պահել։

Արփինե Արզումանյան

Medialab.am