Նման պաշտոնյա ունենալը խայտառակություն է. Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվեր. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ՀՀ բոլոր քաղաքացիներից ու շնորհակալություն հայտնեց միջադեպի հետ կապված իրեն սատարողներին։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Սիմոնյանի ներողություն խնդրելու քայլն ու օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը։

– Միջադեպը բավական վրդովեցնող էր, որովհետև մենք գործ ունենք վարքային այնպիսի դրսևորման հետ, որը մեր հասարակության մեջ, ի դեպ, տարածված է: Մեր խոսքային մակարդակում ունենք նմանատիպ արտահայտություններ, դիցուք՝ թքելու հետ կապված, երբ մեզ ինչ-որ մեկի արարքը դուր չի գալիս, ասում ենք՝ թքեմ երեսիդ, կամ ինչ-որ մի բան ուզում ենք մոռանալ ու անտեսել, ասում ենք՝ թքած ունեցիր, այսինքն՝ մենք մեր խոսույթում ունենք նմանատիպ դրսևորումներ, և ցանկացած գործողություն, որը կարող է ամրապնդել այդ պատկերացումային դաշտը, կարծում եմ, ուղղակի չարիք է մեր հասարակության համար։ 

Իսկ երբ նմանատիպ դրսևորումները կատարվում են պաշտոնյայի կողմից, որը նաև պարտավորություն ունի հասարակությանը կրթելու, օրինակ ծառայելու, իր օրինակով զսպելու հասարակության մեջ առկա ագրեսիվ, անհանդուրժող վերաբերմունքն ու մոտեցումները, ինքնին մարդու իրավունքների տեսանկյունից սարսափելի մեծ խախտում է թե՛ խոսույթային մակարդակում, թե՛ որպես խուլիգանական դրսևորում, որովհետև խոսքը մարդու անձնական սահմանը հատելու մասին է: 

Եթե դու նույնիսկ մատով չես դիպչում մարդուն, այդ գործողության միջոցով դու հատում ես նրա անձնական սահմանը ու դիպչում նրա մարմնին, ուստի դա բռնության ու նվաստացման ձև է: 

Ի դեպ՝ ասեմ, որ ընտանեկան բռնության դեպքերին առնչվելու երկարատև փորձ ունենալով՝ վստահեցնում եմ, որ այդպես վարվում են նաև ընտանեկան բռնարարները, երբ մատով չեն դիպչում, որպեսզի քրեական հետապնդում չսկսվի իրենց դեմ, որովհետև դա ֆիզիկական բռնություն չի համարվում, ու այդկերպ փորձում են նվաստացնել իրենց կանանց կամ զուգընկերուհիներին։ 

Ինչ վերաբերում է ներողությանը, ապա այդ տեքստն ամենևին այն չէր, ինչը կարող է թույլ տալ մտածել, որ անձն իսկապես զղջում է իր արածի համար։ Փորձել է իմիտացնել, ընդ որում՝ տարանջատելով սեփական անձը պաշտոնյա լինելուց, այսինքն՝ որպես անձ նա դիտարկում է, որ այդ արարքը ադեկվատ է, նույնիսկ նույնականացնում է ցանկացած մարդու հետ: 

Իր կարծիքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տառապում է ուղտի համախտանիշով, իսկապես սա է գրում իր տեքստում, ու ասում՝ բայց որպես պաշտոնյա, ես կարծում եմ՝ պետք է զսպվածություն դրսևորեի, այսինքն՝ համախտանիշն իր համար ինքնին դատապարտելի չէ ու որպես վարքային դրսևորում նրա համար նորմալ է: Եթե վաղը-մյուս օրն իր որդին որևէ մեկի վրա թքի, նա կասի՝ լավ ես արել, չի ասի, որ դա անթույլատրելի է, ինչը արել է սեփական մոր պարագայում։ Ալեն Սիմոնյանն անցած տարի որևէ զղջման տեքստ, անթույլատրելիության մասին որևէ գրառում չկատարեց, երբ իր մայրն էր պատշգամբից թքում ցուցարարների ուղղությամբ։ 

Ինչ վերաբերում է անձնական վիրավորանքին, որ նա այդպես էր ձևակերպել, դա անձնական վիրավորանք չէ, որակում է, որը տալիս են միայն քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց։ Մյուս խնդիրը սատարման հարցն է, որը շատ նողկալի է, որովհետև վատ գործողությունը սատարել, քաջալերել՝ նշանակում է հասարակությանը դարձյալ բաժանել թիմերի։

– Սատարողների թվում էին նաև իշխանության ներկայացուցիչները, որոնք Սիմոնյանի այդ քայլն ադեկվատ էին համարում, ի՞նչ ակնկալել այդ իշխանությունից, որի ներկայացուցիչները նման վարքը նորմալ են համարում։ Ինչի՞ մասին է սա խոսում։

– Անընդունելի եմ համարում բռնության դրսևորումները նորմալիզացնելը, և դրանում բավական վնասակար գործունեություն է ծավալում ներկայիս իշխանությունը, այսինքն՝ միշտ են եղել բռնության դեպքեր, որոնց պարագայում հասարակությունը դատապարտող խոսքով է հանդես եկել, իսկ այդ պահին իշխող ուժը, որն իր շարքում ունեցել է այդպիսի վարքային ծանր դրսևորումներով անհատներ, սատարել է նրանց, որևէ կերպ չի փորձել դատապարտել, ու դա ծանրագույն հետևանքներ է թողել մեր երկրի քաղաքական ու զարգացման տարբեր գործընթացներում։ 

Հաշվի առնելով նաև նախկին գործընթացները՝ իշխանությունը պետք է շատ աչալուրջ լինի ցանկացած նմանատիպ դրսևորման արդարացման կամ հավուր պատշաճի չդատապարտման ուղղությամբ։ Որովհետև մի օր Հայաստանում հասարակության համբերության բաժակը դարձյալ կլցվի, և իրենք ևս կարժանանան նույն մերժմանը, ինչ նախկինում է եղել, այդ մերժումը օդից չի գալիս: Դա լինում է երկարատև ամենաթողության, խուլիգանության, դրանք չդատապարտելու, անպատժելիության մթնոլորտի պատճառով, որ տեսնում էինք մինչև 2018 թվականը, ու այդ պատճառով հասարակությունը դուրս եկավ փողոց։ 

– Ժողովրդավար երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ըստ իշխանության հավաստիացումների, ի՞նչ պետք է հաջորդի խորհրդարանի ղեկավարի այս արարքին, տիկի՛ն Հովհաննիսյան։

– Խորհրդարանի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվեր, ի դեպ՝ խորհրդարանական ներքին մեխանիզմներով։ Հենց խորհրդարանը պետք է ձեռնարկեր լսումներ էթիկայի հանձնաժողովում ու իր գնահատականը հնչեցներ, որ նմանատիպ պաշտոնյա ունենալն ուղղակի խայտառակություն է, ու ոչ միայն պաշտոնյա, այլև՝ մանդատ ունեցող: Ժողովրդի մանդատը բարձրագույն մանդատ է, դա ավելի բարձր է, քան ցանկացած կառավարության անդամի նշանակովի պաշտոն։ Ցավոք սրտի, վերջին գումարման խորհրդարաններում չենք ունեցել դեռևս նախադեպ, որ ձևավորվի էթիկայի հանձնաժողով, որ քննվեն պատգամավորների գործողությունները։ 

– Իսկ ինչո՞ւ է հենց այն իշխանությունը, որը Հայաստանը հռչակել է ժողովրդավարության բաստիոն, ասում է, թե հավատարիմ են ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, ըստ էության, ոտնահարում դրանք։

– Առաջին խնդիրն այն է, որ չունի երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ ճանապարհային քարտեզ, ուստի նրա գործունեության միակ շարժիչ ուժը իշխանության պահպանումն է, ու դա, իհարկե, իր հետ բերում է այլ դրսևորումներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ոտնահարումներ, ժողովրդավարության գաղափարի ու էության ընկալման խեղաթյուրում, այդ թվում՝ նաև ընդդիմախոսների հետ կապված այդպիսի ռեակցիոն մոտեցման, որովհետև եթե դու հակադարձելու փաստեր չես ունենում, սկսում ես նման նյարդային շարժումներ անել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am