«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ նախագահը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), որոնց միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Ի թիվս այլ երկրների՝ Հայաստանի համար ևս 10%-ի չափով մաքսատուրք է սահմանվել: Ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կարող է ունենալ այս որոշումը:
– Յուրաքանչյուր երկիր փորձում է մաքսատուրքերի միջոցով իր արտաքին առևտրաշրջանառությունը կարգավորել, ինչպես նաև որոշակիորեն պաշտպանել ներքին շուկան դրսի մրցակցությունից ու բերել ինչ-ր հավասարակշիռ վիճակի: Այսինքն՝ դա կիրառվում է ի շահ ամերիկյան տնտեսության, որպեսզի ներքին շուկան պաշտպանվի դրսի ավելի էժան ապրանքներից:
Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանում այլ երկրների նկատմամբ կիրառվող մաքսատուրքը կարգավորվում է ԵԱՏՄ-ով, այսինքն՝ Հայաստանն առանձին չի որոշում, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչ մաքսատուրքեր սահմանի, այլ ընդհանուր քաղաքականությունն է դա որոշում:
Հայաստանը նաև ընդհանուր ԵԱՏՄ շուկա է համարվում, ու Հայաստանից արտահանումն էլ՝ որպես ԵԱՏՄ-ից արտահանում, այս պարագայում փորձելու է հավասարակշիռ ինչ-որ դիրքի բերել ոչ միայն հայկական ապրանքների, այլ նաև այլ երկրների ապրանքների, որպեսզի հավասարակշռի թե՛ այդ երկրում ամերիկյան ապրանքների համար կիրառվող մաքսատուրքերը, թե՛ տվյալ երկրներից ԱՄՆ արտահանվող ապրանքների հետ կապված մաքսատուրքերը:
– Հիմա սահմանված 10 տոկոսը, որն ուժի մեջ է մտնելու վաղվանից, ինչպե՞ս է ազդելու Հայաստանի տնտեսության վրա:
– Հայաստանից արտահանվող ապրանքների համար, բնականաբար, արդեն 10 տոկոս մաքսատուրք կվճարեն, սա իհարկե բարձրացում է ու բնականաբար կազդի ապրանքի գնի բարձրացման վրա, թե ի՛նչ չափով, դա արդեն կախված է նրանից, թե նախկինում որքան է եղել, իսկ նախկինում տարբեր ապրանքների համար սահմանված չափը տարբեր է եղել, այսինքն՝ միասնական մաքսատուրք չի եղել:
Սրանով պայմանավորված՝ նաև հայկական ապրանքներն ունենալու են մրցունակության հետ կապված խնդիրներ, այսինքն՝ մաքսատուրքն անուղղակիորեն արտահանման շուկայում գին է բարձրացնում, քանի որ մաքսատուրքը գումարվում է այն գնին, որով արտահանվում է, ու վաճառի գինն էլ ձևավորվում է այդ մաքսատուրքի հաշվին, հետևաբար, ինչպես ասացի, մրցունակության խնդիր կունենանք:
– Այսինքն՝ հնարավո՞ր է, որ նաև Հայաստանից արտահանվող ապրանքների քանակը նվազի դեպի ԱՄՆ:
– Այո՛, իհարկե, մրցունակությունը որոշակիորեն իջնում է, այսինքն՝ ապրանքի գին-որակ հարաբերակցություն է առաջանում, ապրանքի գինը բարձրանում է, սակայն որակը նույնն է մնում, բայց գնի բարձրացմանը զուգահեռ պետք է նաև որակի բարձրացում լինի, որպեսզի այդ նոր գինն արդարացված լինի, բայց դա մեկ օրվա կամ շաբաթվա խնդիր չէ, դա երկարատև գործընթաց է, որ հնարավոր լինի նաև տվյալ ապրանքի որակը բարձրացնել:
– Պարո՛ն Սարգսյան, դա ինչպե՞ս կազդի մեր տնտեսության վրա:
– ԵՄ ու ԱՄՆ մեր արտահանումը շատ մեծ տեսակարար կշիռ չի կազմում, հետևաբար, եթե մենք շարունակում ենք ԵԱՏՄ շուկայում նույն կերպ իրականացնել արտահանում, ինչ հիմա է, կարծում եմ, որ շատ մեծ ազդեցություն չի ունենալու, կոնկրետ տնտեսվարողներ, արտադրություններ կտուժեն, բայց Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա ազդեցությունը շատ մեծ չի լինի:
– Հիմնականում ի՞նչ ապրանքներ են Հայաստանից արտահանվում ԱՄՆ:
– Հիմնականում սննդամթերք՝ խմիչքներ, պահածոներ, հյութեր, նաև որոշակի հանքանյութեր են արտահանվում:
– Պարո՛ն Սարգսյան, ձեր հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ դոլարը զգալիորեն արժեզրկվել է՝ միայն 2020-ից հետո կորցնելով շուրջ 23% գնողունակություն։ Ինչո՞վ է պայմանավորված այս արժեզրկման գործընթացը և ինչ հիմնական գործոններ են դրա հիմքում ընկած։
– Դոլարների թողարկումն ու տպագրումը, բնականաբար, ազդում են ընդհանուր դոլարի զանգվածի վրա, հիմա կոնկրետ ԱՄՆ-ի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է շուրջ 125%, ու գնալով այդ ցուցանիշն աճում է: Այսինքն՝ իրենց մեկ տարվա ՀՆԱ-ն բավարար չէ, որպեսզի արտաքին ու ներքին պարտքը փակվի, հետևաբար ամենահեշտ տարբերակը հավելյալ դոլարների թողարկումն է, ինչն ազդում է արժեզրկման վրա: Ամբողջ աշխարհում այդ դոլարի զանգվածային տարածումն ու օգտագործումը թույլ չեն տալիս, որ այդ արժեզրկումն այդքան ակնհայտ երևա, բայց ժամանակի ընթացքում դա զգալ տալու է:
– Այդ արժեզրկումն անդրադառնալու է, բացասական առումով նկատի ունեմ, միայն ԱՄՆ տնտեսությա՞ն վրա, թե՞ նաև այլ երկրների:
– Ավտոմատ ազդելու է մյուսների վրա ևս, այն երկրները, որոնք ԱՄՆ դոլարով են ներմուծում անում, այդ ապրանքը կթանկանա: Քանի որ հիմնական արժույթը դոլարն է, մնացած բոլոր պետությունները կախված են դոլարից, հետևաբար եթե պահուստային այդ արժույթն արժեզրկվում է, բնականաբար, իրենց ընդհանուր պահուստներն են արժեզրկվում ու նաև փոխվում է գների մակարդակը, տվյալ երկրի արժույթի գնողունակությունն է փոխվում նաև:
Հիմա ՀՀ դրամն ապահովված է Կենտրոնական բանկի մոտ կուտակված պահուստային միջոցներով, որի հիմնական մասն ԱՄՆ դոլարն է ու եվրոն: Այսինքն՝ եթե պահուստային արժույթն արժեզրկվում է, դա ավտոմատ բերում է նաև մեր արժույթի արժեզրկմանը, քանի որ իր ապահովման հիմքում դրված է հենց այդ ներքին արժույթը: Երրորդ՝ եթե նախկինում 5 դոլարանոց ապրանքը 2000 դրամ էր՝ փոխարժեքով պայմանավորված, ապա հիմա կարող է արժենալ 2500 դրամ, որովհետև դոլարով այն արդեն կարժենա ոչ թե 5, այլ՝ 7 դոլար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















