Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը.Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին

Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը.Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին
Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը.Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Սերժ Սարգսյանն ասել է, թե ընդհանուր առմամբ անցնող տարին բավականին արդյունավետ էր լրագրողների աշխատանքի տեսանկյունից:
«Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որևէ հասարակայնորեն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակության հասունության չափանիշ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նաև ասել է, որ իշխանությունները «բացարձակապես տրամադրված չեն կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները և այդ հարցում շարունակում են ունենալ լրագրողների աջակցության կարիքը»:

«Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողությունը, ձեր ինքնակազմակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լուծումներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է շարունակել մնալ քաղաքական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը:

«Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնարավորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել անաչառ և համակողմանի»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

© Medialab.am