Ղարիբաշվիլին հաջող քաղաքականության արդյունք է որակել հայ գերիների վերադարձն ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը

«Մեր հաջող քաղաքականության արդյունքն է, որ մեր միջնորդությամբ համաձայնության եկանք մեր եղբայրների՝ ադրբեջանցիների և հայերի հետ, ինչը հնարավորություն տվեց ազատել հայ գերիներին, ինչպես նաև ականապատ տարածքների քարտեզները հանձնել Ադրբեջանին», — այս մասին Վրաստանի Արտաքին գործերի նախարարության 10-ամյա զարգացման ծրագրի ներկայացմանը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Ալիք Մեդիան:

Նրա խոսքով՝ Վրաստանի հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հարևանների հետ տարվող հաջող քաղաքականությունը:

«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք մեր երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ: Մեր հաջող քաղաքականության արդյունքներից վերջինն այն է, որ մեր միջնորդությամբ համաձայնության եկանք մեր ադրբեջանցի ու հայ եղբայրների հետ, ինչը հնարավորություն տվեց ազատել հայ գերիներին, ինչպես նաև ականապատ տարածքների քարտեզները փոխանցել Ադրբեջանին:

Սա հաջող նախադեպ է, որը մենք բոլորս միասին ենք ստեղծել՝ երեք հարևան երկրները: Սա պետք է լինի մեր հիմնական ուղղություններից մեկը, որպեսզի Վրաստանը դառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության նախաձեռնողներից մեկը և հետագա զարգացման ամուր հիմքը: Այն հարթակը, որը մենք կարող ենք առաջարկել մեր բարեկամ և հարևան երկրներին, պետք է զարգանա, և մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս ուղղությամբ», — ասել է վարչապետ Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների, իսկ հայկական կողմից ականապատ տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր են հանձնվել ադրբեջանական կողմին: