Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել, քանի որ հույս ունեն Քոչարյանի միջոցով իշխանության վերադառնալ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել, քանի որ հույս ունեն Քոչարյանի միջոցով իշխանության վերադառնալ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Բայց ՀՀԿ-ն այդ հաշվարկներում սխալվում է, իշխանության վերադառնալ հնարավոր չէ: Եվ նրանք բոլորը գրանցվեցին որպես կոնտր հեղափոխականներ»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները անձնական երաշխավորագիր են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Քոչարյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու համար և այժմ երկամսյա կալանքի տակ է: Անձնական երաշխավարություն տված պատգամավորների անունները օրեր շարունակ գաղտնի էին պահվում, և միայն օգոտստոսի 7-ին ՀՀԿ-ն հրապարակեց ցանկը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ական 41 պատգամավոր է ստորագրել երաշխավորագրի տակ: Եվս 5 պատգամավոր է միացել երաշխավորագրին, որոնցից 4-ը՝ ՀՅԴ-ից, մեկը՝ «Ծառուկյան» խմբակցությունից:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ցուցակը տևական ժամանակ գաղտնի պահելու պատճառն այն էր, որ ՀՀԿ-ականները փորձում էին առավելագույն թվով ստորագրություններ հավաքել: «Կարելի է ենթադրել, թե ինչ հիասթափություն է ունեցել Քոչարյանը, երբ «Ծառուկյան» խմբակցությունից ընդամենը մեկ ստորագրություն է եղել: Սա փշրել է նրա հաշվարկներն ու փխրուն հոգին: Ակնհայտ է, որ նա սպասում էր, որ ավելի շատ ստորագրողներ կլինեն «Ծառուկյան» խմբակցությունից, քան ՀՀԿ-ից, բայց հակառակը տեղի ունեցավ»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում մի թև կա, որը խուսափել է ստորագրություն դնել այդ երաշխավորության տակ: ԲՀԿ-ն, վերլուծաբանի խոսքով, բավական բարդ վիճակում է: Գագիկ Ծառուկյանը, ընդգրկված լինելով Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, մյուս կողմից էլ տեսնելով համաժողովրդական ատելությունը Քոչարյանի հանդեպ, բարդ երկընտրանքի առջև է, և այս պահի դրությամբ ակնհայտորեն ընտրում է Քոչարյանի ճամբարին չմիանալն ու այդ դաշտում չխաղալը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների քայլին, Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ մեծամասնությունը ստորագրեց, որովհետև իրենց համար վերջին հույսն ու ապավենը մնացել է Ռոբերտ Քոչարյանը:
«Նույնիսկ ստորագրողների թվում տեսնում ես մարդկանց, որոնց Քոչարյանը շատ վատ է վերաբերվել, իրենք են Քոչարյանին վատ վերաբերվել, ինչի մեջ ասես միմյանց մեղադրել են, բայց նրանց բոլորին այսօր միավորում է մեկ բան՝ հույսը, որ Քոչարյանի հետ միասին կկարողանան հետ բերել իշխանությունը, ինչը տեղի չի ունենա»,- ասում է Սաֆարյանը:
Մյուս գործոնը, ըստ մասնագետի, այն է, որ այս քայլով ՀՀԿ-ն ցանկանում էր հանրային տրամադրությունների առումով փոքրիկ հետախուզություն անցկացնել, հասկանալ, թե դրան ինչպես կվերաբերվի հանրությունը: «Եվ տեսան, որ բավական ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել, երբ ցուցակները չեն հրապարակվում, և որոշեցին դրանք հրապարակել: Հասկանալով, թե ինչում են մեղադրվում նախորդ օրերին, փորձեցին հայտարարությամբ ինչ-որ բան ասել, բայց փաստը մեկն է՝ նրանք բոլորը գրանցվել են որպես կոնտր հեղափոխականներ, որոնք հույսեր են փայփայում, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց կվերադարձնի կորցրած իշխանությունը: Սակայն մի բանում նրանք սխալվում են. այդպիսի բան տեղի ունենալ չի կարող, և նման երևույթներն անշրջելի են»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա դիտարկում է, թե ինչ է կատարվում:
«Կարծում եմ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքն արդեն շատ բան ցույց կտա: Եվ գործընթանցերը հասել են նրան, որ այլևս ներքաղաքական ստատուս քվոն խախտվելու է: Նույնիսկ կարող ենք ականատես լինել նախկին պայմանավորվածությունների չեղարկմանը, որոնք եղել են կողմերի՝ ՀՀԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի միջև, որովհետև ստատուս քվոն փոխելու պատասխանատվությունը ստանձնել է ՀՀԿ-ն՝ այդ կոնսոլիդացիան ապահովելով Ռոբերտ Քոչարյանի ներքո»,- նշեց նա:
Սաֆարյանի խոսքով՝ քանի որ ավագանու ընտրություններն այս իշխանությունների օրոք առաջին ընտրություններն են լինելու, կրելու են այս մթնոլորտի ազդեցությունը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն, ըստ Սաֆարյանի, ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ ում էլ Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքապետի թեկնածու առաջադրի, անկախ այդ թեկնածուի որակներից, միայն հակահեղափոխությունը կոտրելու համար ժողովուրդը քվեարկելու է նրա օգտին: Այսինք՝ ՀՀԿ այս քայլը, մասնագետի խոսքով, Երևանի ավագանու ընտրություններում հենց իրենց դեմ կաշխատի. «Իսկ դա արդեն կլինի ստատուս քվոյի փոփոխության սկիզբը»:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am