Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Մոսկվա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Մասնակիցներին նախևառաջ ներկայացվեց գրասենյակի գործունեությունը, առաջնահերթությունները, սփյուռքի հետ աշխատանքի օրակարգային հարցերը: Որպես կարևոր ուղղություններ՝ Զարեհ Սինանյանն առանձնացրեց հայաստանյան կյանքին սփյուռքի առավելագույն ներգրավումը, ենթակառուցվածքների զարգացումն ու խոչընդոտների վերացումը, զանգվածային հայրենադարձության իրագործումը, սփյուռքի և Հայաստանի միջև փոխվստահության վերականգնումը: 

Այնուհետ ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը ներկայացրեց 2020 թվականի գլխավոր անելիքները՝ հիմնականում շեշտադրելով Հայաստանում ներդրումային ծրագրերի հնարավորություններն ու հեռանկարները: Պայմանավորածություն ձեռք բերվեց այս տարվա ապրիլին կայանալիք «Armenian Business Networking» միջոցառումն իրականացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ:

Հանձնակատարին ներկայացվեց նաև «Cilicia Tun» օֆլայն հաղորդակցության հարթակի ստեղծման գաղափարը, որը Հայաստանում կդառնա սփյուռքից ժամանած գործարարների հանդիպումների և փորձի փոխանակման վայր: Ակումբը գործարկելու է էլեկտրոնային հարթակ ևս, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել իրենց տվյալները, գործունեության ոլորտները, ծանոթանալ միմյանց հետ և համատեղ աշխատել: 

Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց գործարարներին Հայաստանի բիզնես միջավայրի հանդեպ նման հետաքրքրվածության համար և գործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնեց: