ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները կոչ են արել կողմերին անհապաղ հաստատել հրադադար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ հանդիսացող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հանդես են եկել Արցախյան հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիան:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին առանց նախապայմանների անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների սեղան:

Ըստ հայտրարության` կոնֆլիկտի գոտում և դրանից դուրս գտնվող երկու երկրների տարածքներում քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը կարող է դառնալ սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

Նշվում է, որ կողմերը պատրաստ են իրենց վստահված մանդատով կոչ անել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին` հիմնվելով արդեն հայտնի միջազգային փաստաթղթերի և սկզբունքների վրա: